Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը հանդես եկան մամուլի ասուլիսով՝ հրապարակելով խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀՅԴ-ական պատգամավորների համամասնական ցուցակը:
Հաշվի առնելով, որ Արցախում փետրվարի 20-ին կայանալու է սահմանադրական հանրաքվե, իսկ ՀՅԴ-ն այնտեղ առանցքային դերակատարում ունի, ԼՈւՐԵՐ.com-ի լրագրողը փորձեց Աղվան Վարդանյանի հետ զրուցել հանրաքվեի շուրջ, սակայն պատգամավորը, չգիտես ինչու, խուսափեց մեր հարցին պատասխանելուց՝ լրատվամիջոցից հարցուփորձ անելուց հետո: Հավանաբար, պարոն Վարդանյանը հիշեց մեր բազմաթիվ օբյեկտիվ քննադատություններն իր նախարար ընկերների մասին:
Մեր մեկ այլ հարցին՝ սահմանադրական բարեփոխումներից հետո Արցախում ՀՅԴ-ի դիրքերը կամրապնդվե՞ն, թե՞ ոչ, պարոն Վարդանյանն ինքնավստահ պատասխանեց. «Այո՛, ուժեղանալու ենք»:
Աղվան Վարդանյանը, կարծես կանխազգալով մեր հետագա հարցերը, որոնք կապված էին օրինակ՝ ՀՅԴ-ի երևանյան և սփյուռքի կառույցների հետ առկա տարաձայնությունների, ՀՅԴ մարզային տարածքային կառույցներից ՀՅԴ-ականների արտահոսքի հետ, շտապեց դեպի դուռը՝ կանխելով մեր հարցերը:
Հ.Գ. Աղվան Վարդանյանի կողմից տրված պատասխաններն ու ավելորդ շտապողականությունը՝ ողջ ասուլիսի ընթացքում լրագրողների հարցադրումներից խուսափող քաղաքական գործչի պատասխաններ էին: Այդպիսիների՝ մեր խորհրդարանում, բազմիցս ենք հանդիպել: Իսկ եթե հաշվի առնենք, որ սույն պաշտոնյան նորից ցանկանում է դառնալ ԱԺ պատգամավոր, իսկ մենք դեռեւս հույս ունենք հաջորդիվ լավ խորհրդարան ունենալու, ապա տեղին է հիշեցնել նրան լրագրողների հետ շփվելու տարրական կանոնների գոյության մասին, որն իրեն, վստահաբար, անհրաժեշտ է լինելու, եթե բախտը ժպտա, և նա նորից հայտնվի խորհրդարանում: