Գերմանական Der Spiegel պարբերականը հայտնում է, որ Գերմանիայից բացի կա նաև եվրոպական ևս չորս երկիր, որտեղ Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների աշխատակիցները լրտեսում են գյուլենական գործիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle -ն:
Der Spiegel-ի ունեցած պաշտոնական տեղեկություններով' Ավստրիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների և Բելգիայի թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները հետախուզական տվյալներ են հավաքում գյուլենականներին սատարողների վերաբերյալ: Նրանք գյուլենական դպրոցներին, մշակութային կենտրոններին աջակցողների անունները փոխանցում են Անկարային:
Ավելի վաղ գերմանական իշխանությունները տեղեկացրել էին, որ Գերմանիայում գործող թուրքական մզկիթների իմամները լրտեսություն են իրականացնում: Նրանք մզկիթ հաճախող կամ իրենց թաղամասում բնակվող գյուլենականների մասին տեղեկությունները հայտնել են Թուրքիայի իշխանություններին:
Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարները հերքել են գերմանական կողմի մեղադրանքները: