ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը, խոսելով իր ապագա անելիքների մասին, ասաց, որ պատգամավորական մանդատն իր համար ինքնանպատակ չէ. «Ես ավելի քան 17 տարի եղել եմ ԱԺ պատգամավոր, 83 օրենքների հեղինակ եմ, որը, թող անհամեստ չհնչի՝ բացառիկ երևույթ է նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Ես իմ փորձն ու գիտելիքները ծառայեցնելու եմ իմ ժողովրդին և մեր երկրին»:

 

Առաջիկայում Դալլաքյանը մտադիր է քաղաքականությանը զուգահեռ զբաղվել գիտական գործունեությամբ. «Ես քաղաքականություն մուտք եմ գործել ակադեմիական շրջանակներից, պատմական գիտությունների թեկնածու եմ, բազմաթիվ գաղափարներ ունեմ ՀՀ պատմության հետ կապված, քաղաքական գործունեությանս հետ կզուգակցեմ»:

 

Վիկտոր Դալլաքյանի հետ նաև զրուցեցինք նաև Սամվել Բաբայանի քաղաքական գործունեության, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում նրա դերակատարության մասին:

 

«Կարծում եմ, որ «Սև գնդապետների» ժամակաշրջանը վաղուց անցել է: Սամվել Բաբայանը բազմիցս հայտարարել է, որ ինքը չի մասնակցում քաղաքական գործընթացներին, բայց մի քանի օր առաջ նա խոստովանեց և օգտագործեց մեղմ ասած՝ ոչ կոռեկտ արտահայտություն՝ «լավ եմ անում»:

 

Անձ, որը հայտարարում է, թե չի զբաղվում քաղաքական գործընթացներով, բայց ուղղակիորեն մասնակցություն ունի «Համախմբում» կուսակցության ցուցակների կազմման մեջ»,- ասաց Դալլաքյանը՝ հավելելով, որ իր համար անընդունելի է, որ որևէ գործունեություն ծավալվի ստվերային ձևով: