ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանությունից ստացած տեղեկանքի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 10-ից փետրվարի 10-ը՝ 7000 ընտրող փոխել է հաշվառման վայրը։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը պարզաբանում ստանալու համար՝ զրուցեց Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի հետ:
«Դա պարոն Փաշինյանի կողմից ներկայացված պաշտոնական հարցում էր և մենք ենք տվել այդ տեղեկատվությունը: 2017թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում 7077 հոգի է հասցեից հասցե, այսինքն՝ անձն իր բնակչության վայրի հասցեից դուրս է գրվել և հաշվառվել է մեկ այլ հասցեում: Նույն ժամանակահատվածի համեմատ, 2016թ-ին եղել է՝ 5834: Որպես մասնագետ, եթե տարբերությունը նայենք՝ 2000-ից քիչ է»,- ասաց Մնացական Բիչախչյանը:
Մնացական Բիչախչյանի կարծիքով՝ ամբողջ հանրապետության կտրվածքով ահագնացող թիվ չէ:
Հարցին, թե ինչո՞ւ են փոխում հաշվառման վայրը, Անձնագրային վարչության պետը պարզաբանեց՝ վարչությունը իրավասու չէ պահանջելու որևէ փաստաթուղթ, որը կտեղեկացնի, հաշվառման վայրը փոխելու պատճառը. «Մենք որևէ առումով իրավասու չենք սահմանափակելու մարդկանց հաշվառումը, եթե փաստաթղթերը ամբողջական են՝ մենք պարտավոր ենք հաշվառում իրականացնել»,- ասաց նա՝ ավելացնելով՝ թե դա ի՞նչ նպատակ է հետապնդում, ոստիկանությունը իրավասություն չունի իր գործառույթներից դուրս գալու և պարզելու՝ ինչի՞ համար է իրականացվում դա:
Մեկ այլ գրառում էր կատարել նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով անդրադառնալով մարզային գրանցումներին՝ մասնավորապես Լոռու մարզին, Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «շարունակում ենք ստանալ Հանրապետության տարբեր մարզեր գրանցումը տեղափոխվող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թվերի մասին տեղեկատվությունը: Քիչ առաջ ստացանք ոստիկանության գրությունն առ այն, որ ընթացիկ տարվա միայն հունվարի 15-ից փետրվարի 15-ը Լոռու մարզում գրանցվել է նախկինում այդտեղ գրանցում չունեցող և ապրիլի 2-ի դրությամբ ընտրական իրավունք ունեցող 182 անձ»:
Սոնա Հարությունյան