Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի հետ կապված ՊՆ նախարարն ունեցել է մի շարք մտահոգություններ՝ սկսած կենցաղային, սանիտարական որոշ պայմաններից, մինչև որոշակի կարգ ու կանոնի խնդիրներ: Հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորեց այդ խնդիրների լուծումը:
«Կար բուժման արհեստական երկարացման որոշակի միտում, արձակուրդում գտնվող զինծառայողների մասսայաբար հիվանդանալու և բազմաթիվ այլ երևույթների կասկածներ կային, որոնք պատիվ չէին կարող բերել ռազմաբժշկական ծառայությանը»,- ասաց նախարարը` հավելելով, որ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նոր պետի նշանակումը կատարվել է ուսումնասիրության արդյունքում: Սարգսյանը կանգ է առել Սիսիանի հոսպիտալի պետի ընտրության վրա, քանի որ նրա աշխատանքով շատ տպավորված է:
«Ես ուսումնասիրել եմ բոլոր այն բժիշկ-սպաների թեկնածությունը, որոնք ունեն համապատասխան չափորոշիչներ, և կանգ եմ առել Սիսիանի հոսպիտալի պետի վրա, որի աշխատանքն ինձ տպավորել է հոսպիտալ կատարած այցելության ժամանակ: Սիսիանի հոսպիտալը կարող է պատիվ բերել ցանկացած երկրի Զինված ուժերին, ինչպես նաև ցանկացած քաղաքացիական բուժհաստատությանը»,- ասաց նա: