NewsBook-ի՝ ՊԵԿ աղբյուրները հաստատեցին, որ երեկ աշխատանքից ազատվել է ՀՀ ՊԵԿ «Բագրատաշեն» մաքսակետի պետ Սողոմ Մելիքսեթյանը:
Նրա հետ միասին աշխատանքից ազատվել են հիշյալ մաքսակետի մի շարք աշխատակիցներ:
Մելիքսեթյանի պաշտոնանկությունն ուղիղ կապ ունի ՀՀ շուկայում ադրբեջանական խնձոր հայտնվելու հետ: Օրեր առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական խնձորը ՀՀ մուտք գործելու գործով ձերբակալված 8 անձանցից մի քանիսը ՊԵԿ պաշտոնյաներ են:
Քննությունը պարզել էր, որ ՊԵԿ Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները կաշառքներ են ստացել նաև մի շարք այլ տնտեսվարողներից` նրանց օգտին անօրինական գործողություններ կատարելու և Բագրատաշենի մաքսակետով ներկրվող գյուղմթերքը մաքսային ձևակերպումների չենթարկելու համար:
Քննությամբ պարզվել է, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչներ Ա. Վ.-ն, Կ. Ն.-ն, Դ. Ա.-ն և նույն բաժանմունքի հերթափոխի պետի պարտականությունները կատարող Վ. Մ.-ն խմբի կազմում` նախնական համաձայնությամբ, անհատ ձեռնարկատերեր Գ. Ա.-ից և Լ. Ս.-ից կաշառքներ են ստացել` վերջիններիս թույլ տալով առանց մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրել տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն, այդ թվում` ադրբեջանական խնձոր: