Խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում ՊՆ-ում, ԱԻՆ-ում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ում՝ նաև լուցկու հատկացումը: Այսպիսի որոշումը ներկայացվել է Կառավարության հերթական նիստի քննարկմանը:
Նման նախագիծ է ներկայացրել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը որոշումը պատճառաբանում է առողջ ապրելակերպի, ծխախոտի դեմ պայքարի պահանջներով և Պաշտպանության նախարարությունում իրականացվող «Առողջ զինվոր՝ առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում: Այս որոշումը կայծակնային արագությամբ քննադատվեց ու քննարկվեց համացանցային տիրույթում:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով մշտապես դիրքերում է, զինվորների հետ, որոշումը ողջունում է ու միանշանակ դրական գնահատում: «Որպես ծխախոտի դեմ պայքարող մարդ՝ ողջունում եմ, քանի որ ինքս դեմ եմ դրան ու վնասները լավ գիտեմ: Ես գիտեմ, որ զինվորներից շատերը, կարող է՝ ինձ անգամ հայհոյեն, բայց ասեմ ձեզ, որ այնտեղ շատ տղաներ սկսում են ծխել հենց այն պատճառով, որ իրենց ծխախոտ հասնում է: Բանակում են սկսում ծխել: Ծխախոտի մեջ չէ փրկությունը: Այն գումարները, որ հատկացվում է ծխախոտի համար, թող տրամադրվի այլ՝ ավելի կարևոր բաներին. ավելի ճիշտ կլինի»,- նշեց Զաքարյանը:
Հարցին՝ բանակում ի՞նչ չափաբաժնով է տրամադրվում ծխախոտը, որ զինվորների մեծամասնությունը անձնական միջոցների հաշվին է ծխախոտ գնում, Արշակ Զաքարյանն ասաց՝ ինքն անձամբ տեսել է, թե ինչպես ծխախոտը վերջանալուն պես՝ զինվորները նորն են վերցնում, այսինքն՝ հատկացում լինում է: «Բայց ինչ չափաբաժնով է տրամադրվում, տեղյակ չեմ: Նորից եմ ասում՝ ծխախոտն ինքնին թույն է, մենք մեր երեխեքին տեղով թույնում ենք: Ես դրան դեմ եմ»,- ասաց մեր զրուցակիցը:
Արշակ Զաքարյանը հատուկ շեշտեց մի հանգամանք. «ծխող մարդը կծխի» արտահայտությունը կամ մոտեցումն, ըստ Զաքարյանի, շատ սխալ է: «18 տարեկանը ծխող մարդ չի կարող լինել: Ծխող մարդ կարող է կոչվել 40-50 տարեկան մարդը, ով 15-20 տարի է՝ ծխում է: 18 տարեկանը նոր ձևավորվող տղաներ են ու պետք է պայքարել, որ իրենք չծխեն: 18 տարեկանն ամենաշատը մեկ տարի սկսած լինի ծխել: 99 տոկոսը բանակում է սկսում ծխել: Ինձ թվում է՝ չլինելու դեպքում հնարավոր է, որ տղաների որոշ մասը չծխեն: Ես կողմ եմ այս որոշմանը: Ինքս էլ 15 տարի թարգել եմ, հետո ապրիլյան պատերազմի ժամանակ սկսեցի ծխել, հիմա նորից թարգեցի՝ հասկանալով, որ աշխարհի ամենավտանգավոր բանն է: Ոնց որ ասես՝ եկեք քաղցկեղով փորձենք հիվանդացնել: Պետական փողերով մեր երեխեքին ոնց որ փորձենք քաղցկեղով հիվանդանցնենք»,- մանրամասնեց նա:
Զաքարյանը համոզված է՝ սկզբնական շրջանում զինվորների մոտ այս որոշումը վատ կընդունվի, բայց դա ժամանակավոր է. «Ոչ մի լավ բան այդքան հեշտ չի ընդունվում: Ես կարծում եմ՝ սա լավ որոշում է»:
Ի դեպ՝ ըստ օրենքի, ծխախոտ հատկացվում է միայն պայմանագրային զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին՝ մեկ օրվա համար 20 հատ, ժամկետային զինծառայողներին՝ ծխախոտ, օրենքով չի հասել: Իսկ Կառավարության երեկվա որոշումը վերաբերում է պայմանագրային զինծառայողներին:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից:
Քրիստինա Աղալարյան