Զորակոչը վիճակահանությամբ իրականացնելու արդյունքում կոռուպցիոն երևույթները զորակոչի ընթացքում արդեն համակարգային բնույթ չեն կրում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցին: «Մենք կոռուպցիայի դեմ պայքարում արդեն կարողացել ենք հասնել նրան, որ ընդհանրապես բանակում կոռուպցիոն երևույթներն արդեն համակարգային բնույթ չեն կրում»,- նշեց Օհանյանը՝ ընդգծելով, որ վերջին 6 տարիների ընթացքում 25 զինկոմիսարներ ազատվել են աշխատանքից իրենց պարտականությունների մեջ թերանալու համար, եղել են տեղափոխություններ, իսկ զինկոմիսարիատների 100-ից ավելի աշխատողներ ենթարկվել են քրեական պատասխանատվության կամ հեռացվել են աշխատանքից:
Նախարարն ընդգծեց, որ կոռուցպցիայի դեմ պայքարի արդյունավետ եղանակ է նաև զորակոչը վիճականահությամբ իրականացնելը, ինչն ուղղակի հնարավորություն չի տալիս գումարով իրենց տղաների համար լավ զորամաս ընտրել: «Մենք շարունակելու ենք այս գործընթացը, քանի որ այն ավելի թափանցիկ է դարձնում զորակոչի ընթացքը և զերծ է պահում կոռուպցիոն ռիսկերից»,- ասաց նախարարը:
Նա նաև նշեց, որ զորակոչի ժամկետներում փոփոխություն չի լինի: Գարնանային զորակոչը կիրականացվի հունիս-հուլիսին, ինչպես անցած տարի էր: Օհանյանը նշեց, որ դա պայմանավորված է Հայաստանի կրթական համակարգով: