«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներ, գեներալ Սեյրան Օհանյանը և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն այցելել են Վետերանների միավորում։
Սեյրան Օհանյանը վետերաններին է ներկայացնելով դաշինքի նախընտրական ծրագրի որոշ դրույթները, կոչ է արել ապրիլին ընտրության գնալիս՝ հաշվի առնել Հայաստանում առկա իրավիճակը, և այն, թե ովքեր են դաշինքում եղած անձինք. «Արդյոք ստեղծված իրադրությունը խոսո՞ւմ է այն մասին, որ մեր կառավարման համակարգում գտնվող անձինք ապահովել են Հայաստանի զարգացումը, երկիրը տարել են առա՞ջ, թե՞ դոփում է տեղում։ Մեզ կտրուկ փոփոխություններ են պետք, իսկ դրանք հնարավոր են արդարության ամրապնդմամբ: Մենք շարունակելու ենք ծառայել մեր երկրին և որոշել ենք գնալ մինչև վերջ»:
Սեյրան Օհանյանն անդրադարձել է բանակին՝ նշելով, որ լուծելու են այնտեղ առկա սոցիալական խնդիրները, բարձրացնելու են աշխատակազմի աշխատավարձերը. «Բանակում շատերը կոռուպցիայի միջոցով ունեցվածք էին դիզում, ես դա կանգնեցրեցի»:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին աննախադեպ բարձրացել է բանակի հաշվետվությունը ժողովրդին: Եվ այդ փորձը կարելի է կիրառել նաև պետության կառավարման դեպքում. «Երկրում պետք է արդարություն հաստատվի, որի անհրաժեշտությունը հայ հասարակությունն ուղղակի զգում է»,- ասել է նա: