Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը երկրի 2015 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է դպրոցներում վերականգնել ռազմական պարապմունքները' դա կապելով «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման Ադրբեջան հնարավոր ներխուժման հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Նովրուզովն ասել է. «Ադրբեջանի միջնակարգ դպրոցների բարձր դասարանների աշակերտների 20 տոկոսը տհաս է եւ չի կարող ծառայել բանակում: Երբ ԻԼԻՊ-ը գրոհի Ադրբեջան, ովքե՞ր պետք է դուրս գան նրա դեմ», -հարցադրել է նա:
Պատգամավորը քննադատել է կրթության վիճակը, որտեղ իրական բարեփոխումներ չկան: «Դա ի՞նչ բարեփոխում է, եթե ընդունելության միավորներն ամեն տարի իջեցվում են: Դպրոցական դասագրքերում խառնաշփոթ է, եւ ոչ մի պետքական բան չկա», -դժգոհել է նա: