Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ հարկադիր վերաբնակների գործերով պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովը գործադիր իշխանությունների նախաձեռնությամբ միջնակարգ դպրոցների աշակերտների հետ հանդիպման ժամանակ գանգատվել է, որ երիտասարդությունը չի ցանկանում ծառայել բանակում եւ նախընտրում է զբաղվել բիզնեսով: Այս մասին հայտնում է qafqazinfo.az կայքը:
Նրա խոսքով, ներկայիս սերունդը չի ցանկանում ռազմական մասնագիտություններ ընտրել եւ ծառայել բանակում:
«Անցած ուսումնական տարում Ղարաբաղի հետ անվտանգության գոտու 10 շրջանների միջնակարգ դպրոցների շրջանավարտներից ընդամենը 30 երեխաներ են ընդունվել ռազմական ուսումնարաններ եւ ռազմական ակադեմիա: Ադրբեջանցիների մեջ հայրենասիրության զգացումը ցածր է: Պաշտպանության նախարարն աշխատում է բանակն ուժեղացնել: Բայց պետք է չմոռանալ, որ բանակը կազմված է ժողովրդից: Նախկին ղարաբաղցիներից ընդամենը 422 սպա են ծառայում մեր բանակում», -ասել է նա:
Ալի Հասանովը խոսել է նաեւ ադրբեջանական հասարակության մեջ զինվորի նկատմամբ վերաբերմունքի դեպի վատը փոխվելու մասին: Նա դժգոհել է, որ միջնակարգ դպրոցներում հայրենասիրության քարոզչություն չի կատարվում:
«Նախկինում բոլորը հարգանքով էին վերաբերվում զինվորականին: Այժմ զինվորի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը միանգամայն փոխվել է: Ոչ ոք բանի տեղ չի դնում զինվորին: Նման վերաբերմունքի արժանացող բանակն ի՞նչ կարող է անել: Նման բանակ ո՞վ կցանակա գնալ: Այսօր բոլորը ցանկանում են բիզնեսմեն դառնալ: Այսպես շարունակվել չի կարող», -գանգատվել է Ալի Հասանովը:
Անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետի այդ հայտարարություններին' haqqin.az լրատվական կայքը նշում է. «Ներկայում Ադրբեջանի բանակ զորակոչվում են նրանք, ովքեր չեն կարողացել պատճառներ գտնել դրանից խուսափելու համար, կամ չի բավարարել գումարը, կամ էլ հարազատների մեջ բարձրաստիճան մեկը չի եղել' օգնելու այդ հարցում: Մեր երիտասարդները ծառայում են իրենց երկրում, որի մի ծայրից մյուսն առավելագույնը 500 կմ է եւ ծնողների այցելության խնդիր չկա, ինչպես խորհրդային ժամանակներում անծայրածիր երկրում էր: Պաշտոնյաների, օլիգարխների, պատգամավորների երեխաներն ա ռհասարակ չեն ծառայում կամ պարզապես բանակում հաշվառվում են, որպեսզի մեկ տարի անց զինգրքույկ ստանան եւ ծառայության անցնեն ոստիիկանությունում, դատախազությունում կամ արտակարգ իրավիճակների նախարարությունում»:
Անցյալ մարտին ադրբեջանական հասարակությունը հիմնովին ցնցել էին բանակում ոչ մարտական պայմաններում զինվորների մահերի դեմ անցկացված «Ո՛չ զինվորների մահերին» զանգվածային ակցիաները: Իսկ դեկտեմբերի 25-ին ղարաբաղյան պատերազմի վետերան եւ հաշմանդամ Զաուր Հասանովը, ի բողոք չինովնիկների կամայականությունների, քաղաքի կենտրոնում հրապարակորեն ինքնահրկիզման ակտ էր կատարել: