Փետրվարի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը: Այս առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբաններ Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազմաթիվ ուխտավորներ:
Վարդան Սրբազանը Ս.Պատարագի ավարտին քարոզեց Իջման Ս. խորանից' անդրադառնալով Ս. Վարդանանց տոնի սքանչելի խորհրդին ու պատմական նշանակությանը:
«Վարդանանց մարտը դարերի ընթացքում պետք է դառնար հաղթանակի, մարտիրոսության ներշնչման իրական աղբյուր: Խաչ, թե սուր. պատարագի խորհրդին միաբանված հավատքի վկաները լսեցին աստվածային պատգամը քահանայի շուրթերից: Եվ զինվորական, իշխան, պարզ գյուղացի և հոգևորական վճռեցին իրենց ընտրությունը վերահաստատել և սեփական կյանքի միակ շահը համարել մեր Տեր Հիսուս Քրիստոսին:
Թվում է, թե ռազմական մի պատերազմի հիշատակություն է, որ այսօր տոնախմբում ենք միասին, սակայն, այն լոկ ռազմական չէր: Եթե միայն ռազմական լիներ, դարերի ընթացքում չէր կարող ներշնչել հայ զավակին: Այն քրիստոնեական հավատքի, հոգևոր արժեքների, ընտանիքի ու հայրենիքի պաշտպանության համար մղված մարտ էր:
Մեզ համար «վասն հայրենյաց և վասն հավատո» նշանաբանը միայն Վարդանանց պատերազմին չի պատկանում. այնտեղից սկսվել է: Քրիստոսի սիրո վարդապետության հունդերը Հայաստան աշխարհում' իբրև փոքրիկ սերմնահատիկներ, ցանվել էին Քրիստոսի երկու' Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից: Եվ 5-րդ դարի կեսին հայոց հոգևոր պարտեզում քրիստոնեության սերմերը, որոնք արդեն աճել, պտղաբերել էին, այլևս վարդագույն արյան վկայությամբ հաստատեցին և սեփականացրեցին այն, ինչը հայ մարդու զգացողությունը, գիտակցությունը, հավատքը, արժեքները և այսօր, փառք Աստծո, նաև նյութական հայրենիքն է», - մասնավորաբար նշեց Վարդան եպիսկոպոսը:
Պատարագիչ Սրբազանն իր խոսքում ընդգծեց, որ Ս. Վարդանանց պատերազմը հոգու և մարմնի, հոգևոր և նյութական արժեքների պատերազմ էր, նյութի դեմ հոգևորի հաղթանակի պատերազմն էր:
«Այնտեղ քաջերը միայն չհերոսացան. նրանք սրբացան, քանի որ հավատացին, որ իրենց կյանքում գերագույն շահը հավերժության մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոս է: Նրանք քայլեցին գիտակից մահվան: Այս էր նրանց' քրիստոնեական կրոնի հանդեպ մեծագույն սխրանքը:
…Մենք' իբրև ազգի, մշակույթի, ընտանիքի, Եկեղեցու պաշտպանության մարտիկների հաջորդներ, այսօր պարտականություն ունենք նրանց անմեռ երազները կյանքի կոչելու' ապրելով, հավատալով և հաղթելով: Այս է պատգամը Վարդանանց խորհրդի. պատգամ, որ մեր յուրաքանչյուրի մտքում և հոգում թելադրում է հավատարմություն ու վստահություն: Այս է այդ նույն խորհուրդը, որ դարերի ընթացքում հայ մարդուն ներշնչել և առաջնորդել է հաղթանակի», - ասաց Սրբազանը' ներկա ժողովրդին հորդորելով քրիստոեական արժեքների վրա խարսխված կյանքով ապրել և պատրաստ լինել կյանքի կոչելու սուրբ հերոս նահատակների հիշատակը և հայրենիքի ու նրա ապագայի հանդեպ նրանց բոլոր երազները:
Իր խոսքում Սրբազան Հայրը տոնի առիթով, որը նաև Նորին Սրբության անվանակոչության օրն է, որդիական ակնածանքով Հայ Եկեղեցու հոգևոր դասի և ողջ հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին:
Այնուհետև Իջման Ս. Սեղանի առջև, նախագահությամբ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:
Եկեղեցականների դասը հավատավոր ժողովրդի հետ միասնաբար առ Աստված աղոթք բարձրացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, հավերժ պայծառության, ինչպես նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության և բեղուն ու խաղաղ հովվապետության համար: