Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փետրվարի 12-ին տեղի է ունեցել հանդիսություն' նվիրված Սրբոց Վարդանանց զորավարների տոնին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ցերեկույթը կազմակերպվել էր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողների կողմից: Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի և ԵՊՀ դասախոսներ, Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ:
Հանդիսությունը բացվել է Տերունական աղոթքով, հնչել են ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը' ուրախություն հայտնելով, որ արդեն վեց տարի է, ինչ ճեմարանի և Պետական համալսարանի համատեղ ջանքերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ոգեկոչվում է Ավարայրի նահատակների հիշատակը:
«Պատահական չէ, որ հենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է ընտրվել իբրև միջոցառման վայր. այն ինքնին մի ներքին կապ է ստեղծում Ավարայրի խորհրդի և հայ ժողովրդի տեսլականի միջև: Մայր Աթոռն է այն արժեքների պահապանն ու սնուցողը, հանուն որոնց Վարդանանք հանձն առան իմացյալ մահը»,- իր խոսքում նշեց տեսուչ Սրբազանը:
Ներկաներին այս առիթով ողջունել է նաև Երևանի պետական համալսարանի ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: «Հիրավի, այս տոնը հայրենասիրության և ոգու առկայության դրսևորում է. կա՞ արդյոք ավելի վեհ զգացում, քան ապագա հոգևորականին ու գիտնականին տեսնել կողք կողքի, կա՞ արդյոք ավելի հոգեպարար զգացում, քան այն, որ երիտասարդ սերունդն անթաքույց ակնածանքով է հիշում քաջ նախնյաց սրբազնագույն առաքելությունը», - նշել է նա:
Վարդանանց սխրանքի պատմական նշանակության և հետագա դարերում նրա ունեցած ազդեցության մասին բանախոսություն է ներկայացրել Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Գնունին:
Հանդիսության ընթացքում Վարդանանց խորհուրդին նվիրված հոգևոր ու հայրենասիրական երգերով և ասմունքով հանդես են եկել Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողները:
Այնուհետև իր պատգամն ու օրհնությունն է ներկաներին բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծել է, որ Վարդանանց 1036 վկաների հիշատակի տոնախմբությունը սոսկ հայ ժողովրդի պատմության մի իրադարձության' 451 թ. հերոսական ճակատամարտի մեծարումը չէ, այլ նպատակ է հետապնդում ոգեշնչելու և ուսուցանելու' ապրել Վարդանանց ոգով և առաջնորդվել նրանց հռչակած գաղափարներով: Վեհափառ Հայրապետը նշել է, որ Ավարայրի դաշտում ցուցադրված հայրենասիրության ու քրիստոսասիրության այդ ոգով դաստիարակվել են սերունդներ, կերտվ ել է Վարդանանց քաջ զավակները լինելու գիտակցությունը:
«Այսօր նորովի է մեզ ներկայանում Վարդանանց խորհուրդը, երբ մենք ապրում ենք և՛ պատերազմի, և՛ խաղաղության մեջ: Մեր սահմանների վրա մարտնչում են մեր զավակները' պաշտպանելու համար հայրենին' մեր սուրբ և աստվածակոխ երկիրը, ուր Աստվածորդին' Քրիստոս է իջել, և որտեղից մշտահունչ, անդադրում կերպով աղոթք է բարձրացել առ Աստված: Այդ աղոթքով թրծվել է մեր ժողովրդի կյանքը, անպարտելի ու հաղթական դարձրել նրան բոլոր տեսակի փորձությունների, վտանգների ու արհավիրքների դիմաց:
Այսօր մենք նաև խաղաղության մեջ ենք ապրում: Եվ եթե պատերազմի մեջ մեզ պիտի առաջնորդի Վարդանանց' «Մահ իմացյալ անմահություն է» գաղափարականը, ապա խաղաղ պայմաններում' «Կյանք իմացյալ անմահություն է» կարգախոսը: Պետք է մեր կյանքն ապրենք բարոյականի վրա խարսխված այնպիսի արժեքներով, որպեսզի այդ կյանքն ապահովի մեր անմահությունը' յուրաքանչյուրինս առանձնաբար և ազգինը' ամբողջապես», - ասել է Ամենայն Հայոց Հայրապետը:
Նորին Սրբությունը հորդորել է, որ դեռևս տարիներ առաջ բարի գործի և ազգային տուրքի օր հռչակված Ս. Վարդանանց տոնին յուրաքանչյուր հայորդի Հայրենիքի համար իր հնարավորությունների և կարողությունների սահմաններում բարի գործ կատարի: «Վարդանանց ոգով մենք ի զորու ենք հրաշքներ գործել: Վարդանանց ոգու փայլատակումով այդպիսի հրաշք արձանագրվեց և՛ Սարդարապատում, և՛ Արցախում:
Այդ ոգին կարող է մեզ առաջնորդել հրաշագործության և ներկայիս մեր կյանքում: Եթե մենք այսօր մեր անձերի մեջ Վարդանանց ոգու կրողը լինենք, չենք ապրի հուսահատություն, հանձնառությամբ և արիությամբ կառչած կմնանք մեր հայրենի սուրբ հողին, կհաղթահարենք մեր կյանքի բոլոր դժվարությունները ու կկերտենք մեր ժողովրդի լուսավոր, բարօր ապագան այն հավատքով, նվիրումով ու սիրով, որ ունեին Վարդանանք», - հավելել է Վեհափառ Հայրապետը:
Խոսքի ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր շնորհավորանքները փոխանցեց Վարդանանց հերոսների անունները կրող հայորդիներին' մաղթելով, որ Ս. Վարդանանց բարեխոսությամբ ապրեն երջանկության ու խաղաղության մեջ և Աստծու օրհնությունը միշտ հովանի լինի նրանց վրա: