Վերջին շրջանում Արցախի և Ադրբեջանի սահմանին լարվածությունն աճել է: Դրան զուգահեռ, ադրբեջանական քարոզչությունը պետական գերատեսչության մակարդակով ամեն օր հայտարարություն է տարածում, իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, իսկ իրենք «հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով կորուստներ»: 


Հայտարարություններին կից՝ ներկայացվում է նաև անհասկանալի տեսանյութեր, իբր կատարված գործողություններից: Այսօր ևս Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, իբր «հայկական ստորաբաժանումները փորձել են դիվերսիա կազմակերպել Թալիշի և Գյուլիստանի դիրքերի ուղղությամբ, սակայն ադրբեջանական զինուժը ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հրամանատարությամբ կանխել է այն»: Իհարկե, հայկական կողմից հերքվում են նման ապատեղեկատվությունները, քանի որ իրականությունը լրիվ այլ է: 


ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովն ասում է՝ դա հասարակությանը ակտիվ գործողության պատրաստելու ձև է: «Ես 15 տարի է՝ ասում եմ՝ մեզ չի կարելի էշի ականջում քնել: Թուրքը պատրաստվում է, հիմա ավելի ակտիվ է պատրաստվում: Անցած տարի չունենալով լուրջ հաջողություն, անհաջողություններն էլ ներկայացնում են որպես հաջողություն, դրանից իրենց հասարակությունը ոգևորվում է, հիմա էլ դրա հետ մեկտեղ՝ պատրաստվում է ակտիվ գործողությունների վերսկսման: Այդքան բան: Իբր՝ մենք հաղթող ենք, բան չենք անում, իսկ հայերը անընդհատ դիվերսիոն գործողություն են անում և օրերից մի օր պետք է լինի կանխարգելիչ հարված հայկական զինված ուժերին»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: 

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր հասարակությանը և, ինչու չէ, նաև միջազգային հանրությանը, նախապատրաստում է՝ իբր, կանխարգելիչ գործողություն իրականացնելուն. «Դրա համար ամեն օր հայտարարվում է, թե հայերը դիվերսիոն գործողություն  են իրականացնում: Անգամ եթե այդ ամենն առանց ապացույց է ներկայացվում, միևնույն է՝ իմաստը չի փոխվում. մարդկանց ենթագիտակցության մեջ և որոշ մարդկանց գիտակցության մեջ տպավորվում է, որ հայերն անընդհատ դիվերսիոն ակտիվություն են ցուցաբերում, դիրքերում անընդհատ դիպուկահարներ են օգտագործում: Արդյունքում՝ թուրքը, ոնց որ, բառի ոչ միայն բարոյական իմաստով՝ իրավունք ստանա կանխարգելիչ գործողություն կատարելու հայկական զինված ուժերի նկատմամբ: Նա դա արել է ապրիլին, նա դա պատրաստվում էր անել սեպտեմբերի վերջ, հոկտեմբերին, հիմա էլ է պատրաստվում անել»: 


Վովա Վարդանովը շեշտում է՝ հայկական կողմը պետք է ավելի զգոն լինի, և նախապատրաստական փուլին չի հաջորդի ակտիվ գործողությունները: «Մոբիլիզացիոն ռեսուրսները պետք է անընդհատ մարզենք, սովորեցնենք, բանակը պետք է շատ զգոն լինի, ազատ ժամանակ չպետք է ունենա, ցանկացած զինվորական՝ շարքային, թե գլխավոր շտաբի պետ, պետք է վարժանքներ իրականացնի, ազատ ժամանակ չունենա: Եթե մենք այդ ամենն անենք, ադրբեջանական կողմը միայն հայտարարություններ կանի, ուրիշ ոչ մի բան»,- ընդգծեց հետախույզը: 

 

Ըստ նրա՝ պետք չէ սպասել ոչ մի բանի, պետք է աշխատել: «Եթե մենք աշխատենք, հասարակությունը մարզվի, սովորի, կենսունակությունը բարձրացնի, զինվորական որակը բարձրացնի, ամեն ինչ լավ կլինի»,- իր խոսքն ավարտեց Վովա Վարդանովը: 

 

Այսօր՝ Արցախի ու Ադրբեջանի սահմանին՝ հակառակորդը ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 830 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և ՁՀՆ-7 տիպի նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Քրիստինա Աղալարյան