Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ՆԱՏՕ-ի քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման համագործակցության ծրագրերի նախագծի ղեկավար Էվերտ Սոմերը։ Այցի հիմնական նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻ նախարարի՝ 2012 թ. դեկտեմբերին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելության արդյունքները, նախարարության անցյալ տարվա ձեռքբերումները, զարգացման շրագրերն ու նախանշել համագործակցության հետագա ուղիները։
Մինչ նախարար Ա. Երիցյանի հետ հանդիպումը՝ Է. Սոմերը եղավ ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ ծանոթանալու նորամուծություններին և ձեռքբերումներին։ Կենտրոնի պետ, գնդապետ Հ. Խանգելդյանը ներկայացրեց վերջին տարիներին իրականացված հսկայածավալ աշխատանքը, մասնավորապես՝
- նախարարությունը պարտավորություն է ստանձնել աշխատանքի տեղավորել 30 հաշմանդամի, որոնցից 10-ն արդեն վերապատրաստվել են ու շուտով կանցնեն աշխատանքի.
- ներդրվել են ՓԾ տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկող (GPS), ինչպես նաև հանրապետության բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների և մարդկանց զանգվածային կուտակման վայրերի տեսավերահսկման համակարգեր
- կենտրոնին է միացվել մետրոյի կայարաններում և մայրաքաղաքի փողոցներում տեղադրված 164 տեսախցիկ, ինչպես նաև՝ էլցանցերը սպասարկող ավտոմեքենաների տեղաշարժը վերահսկող համակարգը (GPS).
- սերտացել է համագործակցությունը ոստիկանության և շտապօգնության ծառայության հետ.
- տարբեր նշանակության օբյեկտներում տեղադրվել են հակահրդեհային վերահսկողության ավտոմատ համակարգեր, որոնց շնորհիվ հնարավոր է հրդեհի դեպքում մոտ 3 վայրկյանի ընթացքում ահազանգել ՃԿԿ։
ՀՀ ԱԻ նախարարի հետ հանդիպմանն Էվերտ Սոմերը նշեց, որ ծանոթ լինելով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության պատմությանն ու պարբերաբար մեր երկիր այցելելու շնորհիվ իր համար առավել նկատելի է ԱԻ համակարգի զարգացումը։ Նախարար Ա. Երիցյանը, ողջունելով Է. Սոմերին, ասաց. «Մենք այսօր բոլոր ուղղություններով շարժվում ենք առաջ և կառուցում հզոր նախարարություն, որը միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել մարդկանց։ Արագ արձագանքման «911» ծառայությունը կարճ ժամանակում նվաճել է մեր համաքաղաքացիների վստահությունը։ համեմատության համար նշեմ, որ մենք ավելի շատ զանգեր ենք ստանում, քան հանրապետության մյուս, ավելի վաղ ստեղծված արձագանքման ծառայությունները միասին վերցրած։ Միայն անցյալ տարվա ընթացքում «911» ծառայությունում ստացվել է 1.3 միլիոն զանգ, որոնցից ոչ մեկն անարձագանք չի մնացել։ Այս ամենին մենք միայնակ չենք հասել, մեր կողքին են եղել հավատարիմ գործընկերներ։ Սակայն չնայած մեր ձեռքբերումներին' կարծում եմ դեռ անելիքներ շատ կան։ Այս տարվա մեր առաջնահերթություններից մեկը Գառնու դիտարանի վերագործարկումն է ու ձևավորումը հետազոտությունների տարածաշրջանային կենտրոնի»։
Է. Սոմերն ընդգծեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից ամենաակտիվն է, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի բոլոր միջոցառումներին ու նախաձեռնություններին. «Այս համակարգում զարգացումը շատ արագ է ընթանում։ Անցած 15 տարիների համեմատ՝ առաջընթացը շատ մեծ է։ Այստեղ մեծ աշխատանք է տարվում արտակարգ իրավիճակների կառավարման կարևոր ուղղություններից մեկի՝ հանրային իրազեկման ոլորտում՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի և նախարարության կայքի միջոցով։ ՆԱՏՕ-ի՝ Հայաստանում անցկացված «Արմենիա 2010» խոշոր միջազգային ուսումնավարժությունը ևս ապացուցեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Վստահ եմ, որ ԱԻ նախարարությունը գնալով ավելի հզոր ու ազդեցիկ կառույց է դառնալու»։