Փետրվարի 25-ին ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների արդյունքում չեզոք գոտում սպանված 5 ադրբեջանցի զինծառայողների դիերը քիչ առաջ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ՝ դուրս են բերվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Գործողությունն իրականացվել է արցախյան կողմի պայմաններով, քանի որ նման դեպքերում այլ կերպ հնարավոր չէր: Նրանք շահարկում էին այս զինծառայողների դիերը, բայց չի կարելի մի քանի օր այդ թեման նման շահարկման առիթ դարձնել: Միգուցե Ադրբեջանում հանրային ճնշում է եղել, քանի որ տվյալ զինծառայողների ծնողները ևս ուզում են իրենց որդիների դիերը, դրա համար՝ Ադրբեջանը համաձայնել է դիերի դուրսբերումն անել այնպես, ինչպես կարգն է, որևէ պարտադրումներ չի եղել»,- ասաց Բաբայանը:
Քիչ առաջ այս մասին նաև պաշտոնական հաղորդագրություն տարածեց Արցախի Պաշտպանության նախարարությունը.
«Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:
Տեղեկացնենք, որ տարհանման գործընթացն իրականացվել է՝ համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը»:
Ի դեպ՝ այսօր՝ փետրվարի 27-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է փետրվարի 25-ի առավոտյան արցախյան դիրքերի ուղղությամբ ձեռնարկված հարձակողական գործողությունների արդյունքում չեզոք գոտում հայտնված իր զոհված զինծառայողների անունները: Ի դեպ՝ բոլորը սպաներ են: