«Իմ բոլոր ելույթների ժամանակ քննադատում եմ ընտրակաշառքով առաջնորդվողներին: Մեր երկրում երբեք այսպիսի բան չի եղել, երբ այսքան ընտրակաշառքներ բաժանեն: Ես Մալաթիա-Սեբաստիա համայնքում եմ առաջադրված և տեսնում եմ, թե ինչպիսի դրամական շարժեր են տեղի ունենում: Այսպես է ոչ միայն  Մալաթիա Սեբաստիայում, այլ նաև Քանաքեռ Զեյթունում»,-այսօր ԱԺ-ում ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՎԿ հմբակցության անդամ Հեղինե Բիշարյանը:

 

Դիտարկմանն՝ արդյո՞ք պատգամավորն ի նկատի ունի նույն ընտրատեղամասում առաջադրված ՀՀ-ական պատգամավոր Սամվել Ալեքքսանյանին, տիկին Բիշարյանը պատասխանեց, որ կան բաներ, որոնց մասին բոլորը գիտեն՝ չցանկանալով անուններ հնչեցնել:

 

Ըստ մեր զրուցակցի՝ արդեն խոսում են շենքերով, ընտանիքներով բոլորի ձայնը գնելու մասին: «Այս տեղեկատվությունը չի կարող սուտ լինել, քանի որ այդ մասին խոսում է հենց ժողովուրդը: Կարծում եմ` իշխանությունը քաղաքական կամք կդրսևորի սրա առաջն առնելու համար»,-ասաց նա:

 

Եթե իշխանությունը չդրսևորի նման քաղաքական կամք, ինչի՞ կարող ենք ականատես լինել հարցին՝ տիկին Բիշարյանը պատասխանեց.«Եթե նման բան լինի,  ես նույնիսկ վախենում եմ, որ լուրջ բախումներ առաջանան: Բախումներ կլինեն, և  ինչին արդեն հանդիպում ենք. ռազբորկաների և ծեծկռտուքների մասին լուրերով՝ համացանցը ողողված է: Արդեն ում սիրտն ինչքան ուզի՝ կտա: Խայտառակություն է: Օրինակ` ԴԱՀԿ-ի Միհրանի ՀԿ-ները ամբողջ օրը բարեգործություն են անում: Եթե այդքան փող ունեն, թող աշխատատեղեր բացեն, օգնեն բանակին: Որտեղի՞ց նրանց այդ փողերը: Հենց էսօր բռնե՞ց իրենց բարեգործությունը: Բա անցյալ տարի խի՞ նման բան չէին անում: Ու ԴԱՀԿ նախկին պետը միակը չէ, էլի կան բարեգործներ: Ես հարց եմ ուղղում իրենց՝ էդ որտեղի՞ց եք կուտակել այդ միլիոնները»: