2017 թվականի պետական բյուջեով՝ աշխատավարձերի և թոշակների բարձրացում նախատեսված չէ: Եվ այս իրավիճակը դեժավյուի զգացում է թողնում, քանզի նույն իրավիճակը նաև 2016 թվականի բյուջեով էր: Վերջին անգամ պետությունը կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացում կատարել է 2015 թվականին, երբ հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը դարձավ 55.000 դրամ, քաղաքացիական ծառայողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը բարձրացավ մինչև 300 հազար դրամ, իսկ աշխատանքային կենսաթոշակը 36.000 դրամի փոխարեն դարձավ 41.000 դրամ:

 

Բայց երկու տարվա ընթացքում՝ կյանքը, ցավոք, չի բարելավվել, աղքատության ցուցանիշը շարունակել է աճել, արտագաղթն էլ՝ խեղդել: Ուշագրավն այն է, որ իշխանությունները, փաստորեն, անգամ նախընտրական տարում չեն կարողանում նման քայլի գնալ: 2017 թվականի ապրիլին, ինչպես հայտնի է՝ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, իսկ սա նշանակում է, որ քարոզարշավն անցկացվելու է հանրային դժգոհության մթնոլորտում, քանզի հունվարի 1-ից սոցիալական որևէ վճարի չբարձրացնելը հանգեցնելու է հենց նման լարվածության: Բայց մյուս կողմից էլ՝ վարչապետն արդեն խոստովանել է, որ պետության վիճակը չափազանց ծանր է, ու ավելորդ սպասելիքներ ունենալ պետք չէ:


Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ նվազագույն աշխատավարձի բարձրացում չի պլանավորվում, քանի որ արդեն պլանավորվել են ընթացիկ ծախսերը և նվազագույն շեմի բարձրացումը կհանգեցնի մեծ թվով ծախսերի: Ինչ խոսք՝ համոզիչ չէ՝ հատկապես ծանր սոցիալական պայմաններում ապրող մեր քաղաքացիների համար: Ընդ որում՝ Հայաստանի իշխանությունները ժամանակին խոստացել են նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով՝ մինչեւ 65 հազար դրամ բարձրացնել: Այս մասին մտադրությունը իշխանությունն ամրագրել է իր զարգացման 5-ամյա պլանում, որը չեն կատարում: Ստացվում է՝ խոստացել են և չեն կատարում: Մինչդեռ, Հայաստանի պայմաններում՝ ճիշտ կլինի ծախսի պահանջարկի խթանումը, որպեսզի այն հարկերի տեսքով վերադառնա:


Չի կարելի տնտեսությունը գերեզմանային սառնության մեջ խորասուզել, ինչին այսօր ականատես ենք լինում:
Հայաստանի Հանրապետությունում շուտով կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ մասնակից կուսակցությունները և դաշինքներն արդեն սկսել են տարածել իրենց նախընտրական ծրագրերը՝ ներկայացնելով տնտեսական զարգացման իրենց տեսլականը: Մասնավորապես, «Ծառուկյան» դաշինքի 15 առաջնահերթ քայլերից մեկը կոչված է լուծել հենց վերոնշյալ սուր սոցիալ- տնտեսական խնդիրը:


Ծրագրի հիմնական մեխերից մեկը նվազագույն աշխատավարձի բարձրացումն է՝ մինչև 80 հազար դրամ, ինչպես նաև միջին կենսաթոշակները 25 հազար դրամով բարձրացնելը: Ծրագիրը խորը տնտեսագիտական վերլուծության արդյունք է և գալիս է ապացուցելու, որ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու պարագայում՝ հնարավոր կլինի ստանալ լրացուցիչ եկամուտներ, որի հաշվին բյուջեն իրականում կունենա սոցիալական ողղվածություն:

 

Ստելլա Խաչատրյան