Առանց անվտանգ հայրենիքի չենք կարող ոչինչ անել։ Առաջնային խնդիրն այն է, որ կարողանանք ապահովել մեր երկրի, մեր սահմանի, մեր ժողովրդի անվտանգությունը։ Այս մասին Տավուշի մարզում քարոզարշավի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Այսօր ցանկացած օր լսում ենք՝ սահման խախտեցին, գողացան զինվորին, հովիվին։ Դրան պետք է վերջ դրվի»,- նշեց Ծառուկյանը՝ հավելելով, որ խնդրի լուծումը ռուս բարեկամների հետ նոր ռազմաքաղաքական պայմանագրի ստորագրումն է։
«Այս վտանգավոր տարածաշրջանում մեր ժողովրդի անվտանգությունը կարող ենք ապահովել միայն ու միայն ռուսների հետ համատեղ սահմանը պահելով։ Այդ ժամանակ ոչ մի ճանճ չի կարող շարժվել։ Միայն այդ ժամանակ կարող ենք լիարժեք անվտանգ զգալ մեզ»,- ասաց Ծառուկյանը։
Նրա խոսքով' իր ներկայացրած տարբերակը քննարկման ենթակա էլ չէ, և այդ մասին բոլորն են հասկանում։
«Մինչև անվտանգությունը չապահովենք՝ տնտեսական հեղափոխություն, տնտեսության զարգացում չի լինի»,- հավելեց Ծառուկյանը։