Սևծովյան լաստանավով հայկական ապրանքները տեղափոխելու գործընթացը կարող է իրականացվել ավելի ցածր սակագներով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Վրաստանում ունեցած բանակցությունների արդյունքներին:
«Կոնկրետ արդյունքներ դեռ չունենք, և ընթացքում բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնենք: Վարչապետը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վերին Լարսին այլընտրանք լինելու է, և եկեք չկենտրոնանանք միայն աբխազական երկաթուղու կամ Օսիայով ճանապարհի վրա: Այլընտրանքը նաև լաստանավն է, որը իրական այլընտրանք է: Լաստանավով փոխադրումները ներկայում կանոնավոր բնույթ են կրում և նշված փոխադրումների համար ստացել ենք մեծ զեղչեր»,- ասաց Մարտիրոսյանը։
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը զեղչերի հարցը բարձրացրել է նաև երկաթուղային ուղղությունների հետ կապված և հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ ևս ձեռքբերումներ շուտով կլինեն:
«Արդյունքների հասնելը երկար ժամանակ է պահանջում, բայց պետք չէ հույս կտրել: Հույս ունենք, որ կլինեն արդյունքներ»,- ասաց Մարտիրոսյանը: