«Հայաստան» համահայկական հիմնադրամն առաջիկայում կառուցելու է նախադեպը չունեցող պրոֆտեխուսումնարան: Հիմնադրամի գործունեության 25-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Նրա խոսքով՝ արդեն իսկ ուսումնասիրություններ են կատարվում այս ուղղությամբ, համագործակցում են բրազիլացի գործընկերների հետ:
«Մենք խոսում ենք Հայաստանի եւ Արցախի հզորացման մասին, եւ միշտ էլ ասել ենք, որ պետք չէ այստեղ խառնել քաղաքականությունը կամ որեւէ անձի հանդեպ ունեցած վերաբերմունքը հիմնադրամի հանդեպ ունեցած վերաբերմունքի հետ: Սա մի հարթակ է, որի հարցում կա համընդհանուր դիրքորոշում, եւ դա պարզ է. հզորացնել մեր հայրենիքը: Շատերին թվում է, թե հիմնադրամը զուտ ճանապարհներ է կառուցում, սակայն սա այն եզակի կառույցն է, որն իրենից լուրջ բարեգործական գործունեություն է ներկայացնում: Մենք այս ընթացքում ծննդատներ ենք կառուցել, գյուղերին ոռոգման ցանցեր , խմելու ջուր ենք տրամադրել, գյուղատնտեսական ծրագրեր ենք իրականացնել եւ այլն»,-ասաց Արա Վարդանյանը՝ հիշեցնելով, որ աշխարհի 23 երկրներում հիմնադրամն ունի ներկայացուցչություններ:
Նա նշեց, որ հետագայում իրականացվելիք ծրագրերի ցանկում է նաեւ Արցախում ուռուցքաբանական կենտրոնի հիմնումը:
«Մի հետաքրքիր նկատառում կա, որ ցանկացած երկրում, անկախ նրանից՝ բարեկեցիկ է այն, թե չէ, կան չլուծված խնդիրներ: Միգուցե Հայաստանում դրանք մի փոքր շատ են, բայց փորձում ենք սատար կանգնել ՀՀ կառավարությանը: Մեկ ամիս անց կկայանա Արցախի ուռուցքաբանական կենտրոնի բացումը. այն տարածաշրջանում եզակի կենտրոն կլինի»,-եզրափակեց հիմնադրամի տնօրենը: