ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում, որպեսզի համահայկական հիմնադրամն ասոցացվի դրամահավաք կառույցի հետ: Այս մասին Սարգսյանը հայտնեց հունիսի 18-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում:
««Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կառուցվածքը, որը հաստատվել է հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստի ժամանակ, բարելավվել է: Այն նպատակ ունի ավելի ճկուն դարձնել հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունները: Այդ գործընթացը պետք է շարունակական լինի: Կարծում եմ նաև, որ հիմնադրամի աշխատանքներում հոգաբարձուների խորհրդի անդամների ներգրավվածության աստիճանը պետք է բարձրանա, և խորհրդի անդամները դրամահավաքի հետ կապված ավելի շոշափելի և ավելի կոնկրետ գործունեություն պետք է ծավալեն: Հիմնադրամի ավանդական ծրագրերին զուգահեռ պետք է ծնվեն ու կյանքի կոչվեն նոր, այդ թվում՝ փորձնական ծրագրեր ժամանակի պահանջներին համահունչ: Հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ, և սփյուռքում գործող հիմնադրամի կառույցները չպետք է աշխատեն որպես գանձապետական գրասենյակներ»,- ասաց նախագահը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: