Կոմիտասի թանգարան ինստիտուտում «Հայաստան» համահայկական հիմնադրամը և ազատամարտիկ Հրանտ Թումասյանը մանկական ուղեղային կաթվածով 9 երեխայի նվիրել են էլեկտրական անվասայլակներ:
«Դեռևս երկու շաբաթ առաջ ավելի քան 30 էլեկտրական անվասայլակներ տրամադրել էինք երեխաներին: Բոլորը ճապոնական պրոֆեսիոնալ և հարմարավետ սայլակներ են: Արդեն չորս տարի նմանատիպ միջոցառումներ ենք անցկացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ»,- ասաց Թումասյանը:
Նա նշեց, որ անվասայլակներ են տրամադրել նաև զինվորների վերականգնողական կենտրոնին, ինչպես նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին:
Հիմնադրամի մամլո խոսնակ Արմինե Թոխմախյանի խոսքով' սա հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկն է, և բարերար Հրանտ Թումասյանը, ով տարիներ շարունակ աջակցել է հիմնադրամին, միշտ ուշադրության կենտրոնում է պահել հաշմանդամություն ունեցող մարդկանց, օգնել և սատարել է:
Հիմնադրամը Հրանտ Թումասյանին պարգևատրեց «Ազգի նվիրյալ» շքանշանով: