Երեկ Երևան է ժամանել ՌԴ Պետդումայի խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում է նաև Ղրիմի խորհրդարանի ներկայացուցիչ, պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:
Քաղաքագետ Հրանտ-Մելիք-Շահնազարյանը ԼՈւՐԵՐ.com_ի հետ զրույցում անդրադառնալով վերը նշված պաշտոնական այցին, և, մասնավորապես՝ ՌԴ պատվիրակության կազմում Ղրիմից պաշտոնյայի նեգրավմանը, նշեց. «Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը փորձում է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Ղրիմի հարցն իր համար փակված է: Դա անելու համար է նաև նման պաշտոնյաներին ներգրավում ռուսական պատվիրակությունների կազմում: Մյուս կողմից՝ Հայաստանը չի կարող որևէ կերպ իր անհամաձայնությունը հայտնել, քանի որ դա ռուսական պատվիրակություն է և իրենք են որոշում, թե ով պետք է լինի նրա կազմում»:
Քաղաքագետի համոզմամբ՝ այն, որ պաշտոնական պատվիրակության կազմում Ղրիմից Հայաստան է ժամանել պետական խորհրդի նախագահը, չի կարող որևէ կերպ բացասական ազդեցություն թողնել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա՝ չնայած այն հանգամանքին, որ ԵՄ երկրները Ղրիմը դիտարկում են որպես Ուկրաինայից խլված և Ռուսաստանին բռնակցված պետություն: «Հայաստան-ԵՄ հարաբերությունները պայմանավորված չեն ՀՀ-ՌԴ հարաբերություններով և հակառակը: Ավելին, մենք վերջին շրջանում ականատես ենք լինում, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում որոշակի դրական դինամիկա կա, և Հայաստանը կարող է կամուրջ դառնալ նաև ԵՄ-ԵՏՄ հարաբերությունների կարգավորման գործում»:
Հրանտ-Մելիք-Շահնազարյանը սխալ է համարում Ղրիմի հարցի և Արցախի խնդրի միջև որոշակի զուգահեռների անցկացումը: Նրա դիտարկմամբ՝ Ղրիմի հարցն Արցախի հետ կապելն ու նույնացնելը ճիշտ չէ, քանի դրանք, քաղաքական և տարածաշրջանային առումով՝ տարբեր գործընթացներ են: «Արցախի խնդիրը բացառապես վերաբերում է Հայաստանին և Արցախին: Բայց այս պատվիրակության այցից կարելի է պարզապես օրինակ վերցնել և արցախցի պաշտոնյաներին ներգրավել հայաստանյան պատվիրակությունների կազմում»:
Աղավնի Սուքիասյան