ԼՈւՐԵՐ.com-ի հարցազրույցը՝ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ:
-Պարոն Բադալյան, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրը Gallup International associatiaton-ի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակեց սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, ըստ որոնց, վարչապետ Կարեն Կարապետյանն ունի բավականին բարձր վարկանիշ: Ի՞նչ խնդիր կարելի է լուծել այս հարցումների արդյունքներով:
- Պատահական չէր, որ հենց այս շրջանում հրապարակվեցին սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Դա անմիջականորեն կապ ունի քարոզարշավի հետ: Քանի որ Հայաստանում վստահություն ներշնչող սոցիոլոգիական կազմակերպութուններ կամ սոցիոլոգներ չկան, ուստի պատվիրվում են անկախ միջազգային սոցիոլոգիական կազմակերպություններին հարցումներ անցկացնել, որոնք, ճշտությամբ, սովորաբար համընկնում են ԿԸՀ-ի արդյունքերի հետ: Բայց սա դեռ չի նշանակում, որ այս հարցումներն օբյեկտիվորեն արտացոլում են հասարակության կարծիքը:
-Ստացվում է՝ սոցիոլոգիական հարցումները պետությունն օգտագործում է որպես ընտրական քարոզչության տարբերա՞կ:
-Հայաստանում սոցիոլոգիան ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է ընտրությունների հետ, և դրա նպատակն է խթանել ընտրողին այս կամ այն ուժին իր ձայնը տալու համար: Ստացվում է՝ սոցիոլոգիան, որպես ճյուղ՝ ընդամենը PR տեխնոլոգիայի դեր է կատարում:
-Իշխանությունն այս անգամ դիմեց PR տեխնոլոգիաների օգնությանը՝ հատուկ շեշտելով Կարեն Կարապետյանի անձնական որակները. խոսքը, մասնավորապես, վարչապետի մասնակցությամբ ՀՀԿ-ի քարոզարշավն ազդարարող տեսահոլովակի մասին է:
-Դա նորմալ ընդունված PR տեխնոոգիա է, որը տեսականորեն աշխատում է, գործնականորեն՝ ոչ: Տեսականորեն՝ այո՛, ընտրություններից հետո կշեշտեն, որ քանի որ սոցիոլոգիական հարցումների արդյունքով Կարեն Կարապետյանն ուներ բարձր վարկանիշ, իսկ նա էլ ՀՀԿ-ի թիմակիցն է՝ ուստի «Հանրապետական»-ը հավաքեց շատ ձայներ: Գործնականում սա չի աշխատում, քանի որ ընտրություններից առաջ հասարակության այն շերտը, որը չի առնչվում ընտրակաշառքների հետ, ընտրությունների նկատմամբ դրսևորում է պարզապես անտարբերություն:
-Փաստորեն , ստացվում է, որ Կարեն Կարապետյանի վրա ծանր պարտականությո՞ւն է դրված: Նա պետք է փրկի մի ողջ կուսակցության վարկանի՞շ:
-Այո՛, ՀՀԿ-ն շեշտադրումը կատարում է Կարեն Կարապետյան անձի և նրա գործոնի վրա, քանի որ այս կուսակցությունը ցուցադրելու այլ բան չունի և ասվածի ապացույցն է նաև վարչապետի մասնակցությամբ տեսահոլովակը:
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյան