Համաշխարհայն ուժային կենտրոնների պլաններն Անդրկովկասի հարցում կարծես հետզհետե բացահայտվում են: Համենայնդեպս՝ ականատես ենք դառնում իրադարձությունների ու դրանց հետևում թաքնված որոշ գործընթացների, որոնք վկայում են՝ 2017թ-ի գարունն, ի համեմատ 2016թ-ի գարնան, շատ ավելի կանխատեսելի է լինելու ու անվտանգ. չի բացառվում, իսկ ավելի ճիշտ՝ ամենայն հավանականությամբ՝ Արցախյան երրորդ պատերազմը, որն ամիսներ առաջ ուղղակի անխուսափելի էր թվում, կհետաձգվի:

Իսկ նման եզրահանգման գալու համար բավարար է ընդամենը ուշադրությամբ քննել տարածաշրջանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ու համոզվել, որ համենայնդեպս` ներկա փուլում գերտերություններին հաջողվել է միմյանց միջև կոնկրետ պայմանավորվածությունների հասնել՝ կապված հատկապես Արցախյան խնդրի՝ տարածաշրջանի ամենակնճռոտ ու վտանգավոր հակամարտության հարցում. անկանխատեսելի հետևանքներով նոր ու արյունոտ պատերազմ՝ առայժմ որևէ մեկին ձեռնտու չէ:

Չնայած՝ հանրային ուշադրությունն այսօր Հայաստանում բևեռված է առավելապես նախընտրական գործընթացների վրա, բայց դա չպետք է խանգարի՝ տեսնելու նաև այն կարևորագույն պրոցեսները, որոնք ծավալվում են այդ տրամաբանությունից դուրս. Պատրուշևի ժամանումը Երևան, նախագահ Սարգսյանի այցը Փարիզ, իսկ այնուհետև պլանավորվող այցերը Մոսկվա ու Մալթա ոչ մի կերպ պատահական չի կարելի համարել. անկասկած է, որ այս ամենը մեկ գործընթացի մաս են կազմում, իսկ որ այդ գործընթացն ընթանում է հենց Արցախի շուրջ, առավել քան ակներև է:

Ինչ վերաբերում է Ալիևին, ապա սրա մոտ ամեն բան այնքան էլ հարթ չէ կարծես: ԱՄՆ և ՌԴ գլխավոր շտաբների տարօրինակ հանդիպումը Բաքվում, Ալիևի Իրան կատարած այցը, Մամեդյարովի անպտուղ վոյաժները Մոսկվայում, Անթալիայում Թուրքիայի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի վերջին հանդիպումը դարձել են այն ռուբիկոնը, որն Ալիևը որևիցե կերպ անցնել չի կարողանալու. Ադրբեջանի կարճաժամկետ պատմության էջերին իբր հավերժանալու նրա հիվանդագին նկրտումներն առայժմ անպտուղ են մնալու, ու ոչ ոք չի պատրաստվում «կանաչ լույս վառել» Բաքվի առաջ Ացախի հարցում:

Հարց է առաջանում՝ ի՞նչը հանկարծ ստիպեց համաշխարհային հանրությանը վերհիշել խաղաղության մասին ու Անդրկովկասում գոնե հարաբերական անդորր պահպանելու համար գալ թեկուզ ժամանակավոր համաձայնության: Այս հարցը, պետք է նկատել, չափազանց խորքային բնույթ է կրում, ու մեկ նախադասությամբ բացատրել այս փաստը ոչ մի կերպ չի ստացվի: Բայց եթե փորձենք գոնե առավել ակնհայտ պատճառները մատնանշել, ապա պետք է շեշտել հետևյալները՝ Մերձավոր Արևելքում տիրող ընդհանուր իրավիճակը, Սպիտակ տան նոր տիրոջ կողմից ԱՄՆ արտաքին քաղաքականության որոշ սկզբունքների վերանայումը, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում նկատվող դրական նյուանսները, Իրանի հստակ ու աներեր դիրքորոշումն Արցախյան խնդրի վերաբերյալ, ինչպես նաև՝ Մոսկվայի այն գիտակցումը, որ կտրուկ շարժումների դեպքում կարող է կորցնել ոչ միայն Հայաստանն, այլ դրա հետ մեկտեղ նաև ողջ Անդրկովկասը, ստիպեցին հիմնական խաղացողներին խնդրին նայել մեկ այլ դիրքից. մտնել մի շատ վտանգավոր խաղի մեջ, ուր խաղադրույքներն առավել քան բարձր են միայն այն բանի համար, որպեսզի հաճոյանան՝ ասենք «չքնաղ» Մեհրիբանին, ոչ ոք աշխարհի տերերից գոնե առայժմ չի պատրաստվում:

Բացի այս ամենը` մի կարևոր հանգամանք ևս կա, որի մասին արժե խոսել. Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող գործընթացներն են: Ամենևին էլ չի բացառվում, որ Մոսկվայի կտրուկ ու անբեկանելի թվացող որոշումը՝ առայժմ սառը պահելու հակամարտությունը, պայմանավորված է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում ներկայում ընթացող բուռն գործընթացներով. երկիրը վերածվում է խորհրդարանական կառավարմամբ երկրի, իսկ նոր Սահմանադրությունն էլ լիարժեքորեն ուժի մեջ է մտնելու 2018թ-ից ոչ շուտ: Հետևաբար՝ չի բացառվում, որ երբ այստեղ իրավիճակը վերջնականապես կկայունանա, երբ քաղաքական դաշտի հիմնական ֆիգուրները կզբաղեցնեն իրենց տեղերն, ու երկիրը կշպրտվի կոլեկտիվ պատասխանատվության՝ ասել է թե անպատասխանատվության հորձանուտը, Մոսկվայում կրկին ականջալուր լինեն Ալիևին ու լուռ համաձայնությամբ պատասխանեն նրա թախանձանքներին՝ հասնելու ռեվանշի: Այն ժամանակ անհամեմատ ավելի հեշտ կլինի ստիպել Երևանին՝ գնալու որոշ տարածքային զիջումների՝ նույն այդ տարածքներում խաղաղապահներ տեղակայելու պայմանով, Արցախին կտրվի միջազգայնորերն ճանաչված միջանկյալ ինչ-որ կարգավիճակ ու այդպիսով առնվազն տասնամյակներով կրկին այս հարցը կսառեցվի:

Թե ինչ կլինի հետո, իհարկե լավագույնս կարող է ցույց տալ միայն ժամանակը, բայց արդեն իսկ պարզ է, որ գոնե ժամանակավորապես մեծ ու կործանարար պատերազմի ուրվականը լքում է Անդրկովկասը՝ թույլ տալով հակամարտ կողմերին մի փոքր ժամանակ շահել վճռական մենամարտից առաջ: Հայաստանը քիչ ժամանակ ունի լավագույնս դիրքավորվելու ու պարտավոր է անել ամեն բան՝ հնարավորինս անվնաս դուրս գալու ապագա պատերազմի կրակներից…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ