Ռուս հայտնի լրագրող, հեռուստառադիոհաղորդավար և հրապարակախոս Վլադիմիր Սոլովյովն օրերս գտնվում էր Հայաստանում: Սոլովյովի այցն ու հայ-ռուսական հարաբերությունների շուրջ նրա դիտարկումներն, անշուշտ, ուշագրավ էին՝ հատկապես այս օրերին, երբ Հայաստանը փորձում է վերականգնել ԵՄ հետ հարաբերություններն, իսկ երկիրն էլ կանգնած է համապետական ընտրության շեմին:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Անուշ Սեդրակյանն, առանձնացնելով ռուս լրագրողի հայաստանյան այցի հիմնական նպատակը, շեշտեց. «Վլադիմիր Սոլովյովի այցը մեզ համար սպառնալիք է հատկապես այս ժամանակաշրջանում, երբ մեր նախագահը գնում է Բրյուսել և փորձում է հարաբերությունները կարգավորել ԵՄ հետ: Պատահական չէ, որ հենց այս շրջանում նրանք՝ Վլադիմիր Սոլովյովն ու նրա կոլեգան եկան Հայաստան: Այս այցը զգուշացում էր՝ չհեռանալ Ռուաստանից»:
Ըստ մեր զրուցակցի՝ անիմաստ են ռուսական կողմի հիմնավորումներն այն մասին, թե, իբր, զենք վաճառելով՝ մեզ համար բարեգործություն են անում. «Հասկանալով, որ Հայաստանը չի կարող չդժգոհել Ադրբեջանին զենք վաճառելու իրենց քայլից, հիմա էլ հորինեցին մի նոր բան, թե, իբր, ՌԴ կողմից Հայաստանին զենք վաճառելը բարեգործություն է: Սա Ռուսաստանի կողմից հերթական հայտնի շողոքորթ քաղաքականության շարունակությունն է»:
Քաղաքագետը վստահ է՝ Ռուսաստանն իր անվտանգության ապահովման համար մեր երկրում կդիմի նոր քայլերի՝ խոչընդոտելով ՀՀ-ԵՄ հարբերությունները. «Ես չեմ զարմանա, եթե վաղը նորից հայտնվեն զինված խմբեր և ռուսական էմիսարներ: Թեև ՌԴ-ն ամեն ինչ արեց, որ Հայաստանի խորհրադարանում չհայտնվեն արևմտամետ ուժեր, բայց այդքանով հանդերձ՝ այս պետությունն իրեն չի համարում ապահովված, քանի որ վատացել են նրա հարաբերություններն ինչպես Կովկասում՝ Վրաստանի հետ, այնպես էլ՝ Իրանի և Սիրիայի հետ, իսկ Հայաստանին պահում է որպես ապագա պատերազմների հարթակ»:
Խոսելով Արցախյան խնդրի մասին՝ Վլադիմիր Սոլովյովը նշել էր, որ ՌԴ-ն թույլ չի տա խնդրի ռազմական լուծումը: Ըստ քաղաքագետի՝ ապրիլյան քառօրյան ասվածի հակառակն է ապացուցում, քանի որ պատերազմը սկսվեց ռուսական զենքով և Ռուսաստանի թողտվությամբ, և ցավալի է, որ մենք պետական մակարդակով չենք հակադարձում նման խոսքերին:
Անուշ Սեդրակյանի համոզմամբ՝ Հայաստանի համար բոլոր շանսերը բաց են թողնված, իսկ Ռուսաստանն ուժեղացնում է պրեսսինգը, սակայն, պետք է հասկանալ՝ եթե մենք վախենանք լավացնել հարաբերությունները ԵՄ հետ, կկորցնենք պետություն լինելու մեր վերջին շանսը: