Որքան մոտենում են ընտրություններն, այնքան է՛լ ավելի է կարևորվում այն հարցը, թե որ քաղաքական ուժին է ի վերջո հաջողվելու ընտրությունների վերջնարդյունքում հռչակվել ֆավորիտ ու ստանձնել երկրի կառավարման ղեկը: Հարկ է նկատի ունենալ, սակայն, որ երկրի քաղաքական կյանքում գերիշխանություն հաստատելու համար այս կամ այն քաղաքական ուժից պահանջվելու է առնվազն խորհրդարանի տեղերի գոնե կեսին տիրանալ՝ առաջադրանք, որ բնավ էլ ամեն մի կուսակցություն կամ քաղաքական ուժ չէ, որ ընդունակ է լինելու առաջիկայում լուծել. ԱԺ ընտրություններին քաղաքական հայտ ներկայացրած ուժերի բացարձակ մեծամասնությունն այսօր այնքան էլ չի կարող պարծենալ սեփական ժողովրդականությամբ՝ փաստ, որ այս էլ որերորդ անգամ հաստատվում է միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն վայելող կազմակերպությունների կողմից անցկացված հարցումների ու գրանցած տվյալների արդյունքում:
Այսպես՝ «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից կատարած ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո հիմա էլ սեփական ուսումնասիրություններն է հրապարակել իր ոլորտում չափազանց հեղինակավոր մեկ այլ կազմակերպություն ևս՝ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ): Ըստ այդմ՝ պարզվել է, որ եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա «Ծառուկյան» դաշինքի օգտին կքվեարկեր քաղաքացիների 27%-ը, այն պարագայում, երբ գլխավոր մրցակից հանդիսացող կուսակցության օգտին՝ միայն 21%-ը: Այսպիսով՝ պարզ է դառնում, որ ընտրությունների գլխավոր ֆավորիտն ու հիմնական առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է: Եթե հիշում եք, «Gallup International Association»-ի կողմից հրապարակված ցուցանիշները ևս համանման արդյուքներ էին ցույց տվել:
Պետք է ամրագրենք, որ մեր իրականությունում առաջին անգամ է, երբ թվերով ու միանգամայն գիտականորեն հիմնավորված կերպով փաստվում է ընդդիմադիր կուսակցության առաջատարությունը ոչ միայն մյուս ընդդիմադիր կուսակցությունների համեմատ, այլև, որ առավել քան կարևոր է, հիմնական իշխանական կուսակցության, այն կուսակցության, որի տրամադրության տակ կան շատ ավելի մեծ ռեսուրսներ, քան ցանկացած այլ քաղաքական ուժի պարագայում է:
Ինչի՞ արդյունք կարող է «Ծառուկյան» դաշինքի ֆենոմենը հանդիսանալ: Հիմնական գործոնը, թերևս, այս քաղաքական ուժի առաջնորդն ինքն է՝ իր ժողովրդականությամբ, ժողովրդի կողմից իր անձի ընկալելիությամբ: Հասարակությունը շատ լավ հասկանում է երկրում ռեալ փոփոխությունների հասնելու կարևորությունն ու որպես այդ փոփոխությունների լավագույն երաշխավոր դիտարկում Ծառուկյանին, ով իր կերպարով չափազանց մոտ է ժողովրդի շրջանում գլխավորապես դրականորեն ընկալվող հանրային գործչի ստերեոտիպին: Այլ խոսքերով՝ հասարակության մեծ մասի համար Ծառուկյանն ընդամենը իրենցից մեկն է՝ մեկը հազարավորներից: Ճիշտ է՝ քաղաքական ուժի կողմից քաղաքական ծրագրերն ու ապագային միտված տեսլականները ևս իրենց դերը խաղում են դրա ժողովրդականության հարցում, բայց որպես այս ամենում ամենագործուն ֆակտոր հարկավոր է դիտարկել հենց Ծառուկյանի անձը:
Թե վերջնարդյունքում ինչ տեսք կունենա խորհրդարանն, իհարկե, պարզ կդառնա ընտրությունների վերջում, բայց որ կան բոլոր նախադրյակները՝ ենթադրելու, որ այդ արդյունքները կարող են շատերի համար անակնկալ դառնալ, առավել քան ակներև է. այդ են փաստում միջազգային ասպարեզում անգերազանցելի հեղինակություն վայելող կազմակերպությունները:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ