«Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ ընտրում ենք երկրի բարձրագույն քաղաքական իշխանությունը։ Հայաստանում 25 տարի է գործում է խորհրդարանը, և ունենք պատգամավորներ, ովքեր այդ 25 տարիների ընթացքում այնտեղ 25 բառ չեն խոսել»,- այս մասին այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։

 

Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ պատգամավորներից շատերը որդեգրել են ցուցակագրելու, փողը տալու և այնտեղ նստելու գործելաոճը:

 

Ըստ նրա՝ ազգի խնդիրները ցուցակագրելով, փող բաժանելով՝ չի լուծվում. դա պարզ երևում է, քանի որ երկրի վիճակը գնալով վատանում է. «Հայաստանի պարտքը հասնում է 6 մլրդ դոլարի, մեկ տարվա կտրվածքով մենք 630 մլն դոլարի չափով արտաքին պարտք ենք սպասարկում։ Հայաստանում գնալով սոցիալական վիճակը վատանում է և մենք պետք է հասկանանք, որ եկել է կանգ առնելու ժամանակը։ Մենք պետք է կանգ առնենք, քայլեր ձեռնարկենք մեր կյանքը փոխելու համար: Պետք չէ ասել՝ Հայաստանում բան չի փոխվի»։

 

Արթուր Բաղդասարյանը ընդգծեց, որ Մասիսը հզոր արդյունաբերական քաղաք է եղել, սակայն այսօր այն վատ վիճակում է. «Հայաստանի արդյունաբերական պոտենցիալը փոշիացվել և վաճառվել է»։