Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն, անդրադառնալով Եվրոպայում ծավալված հակաէրդողանական ալիքին ու դրա պատճառներին, նշեց. «Տասնյակ տարիներ Եվրոպան տեղայնացնում է Թուրքիային: Վերջին օրերի զարգացումները, սակայն, ցույց են տալիս, որ Էրդողանն իրեն թույլ է տալիս այնպիսի քայլեր, որոնք ընդունված չեն եվրոպական պրակտիկայում: Կան բացասական երևույթներ, որոնք Եվրոպային դուր չեն գալիս, հենց դա էլ բերել է նման ալիքի»:
Թուրքագետի խոսքով՝ այս համատեքստում, սակայն, կարևոր է նաև ուշադրություն դարձնել Գերմանիայի պահվածքին. «Ես խորհուրդ կտայի հետևել նաև Անգելա Մերկելի հայտարարություններին, քանի որ Եվրոպայի քաղաքականության մեծ մասն ինքն է որոշում: Նա հայտարարեց, որ Թուրքիան իրենց պետք է և կխուսափեն հարաբերությունները սրելուց, դրա համար էլ Եվրոպան Թուրքիայի հետ կամուրջները չի այրում»:
Ըստ բանախոսի՝ այլ հարց է, թե ինչու է Թուրքիան այսպես վարվում. «Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիայն ցույց է տալիս այնպիսի գործելակերպ, որը տարբերվում է իր նախորդ տարիների հայտարարություններից: Էրդողանը բարձրացնում է խաղադրույքը և ավելի ռիսկային խաղի է գնում Եվրոպայի հետ հարաբերություններում՝ նպատակ ունենալով ավելի շատ բան պոկել Եվրոպայից՝ չհամապատասխանելով եվրոպական արժեքներին»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ի՞նչ շարունակություն կունենան ՌԴ-Թուրքիա հարաբերությունները, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ, այնուամենայնիվ, այդ հարաբերությունները շատ հեռուն չեն գնա. «Էրդողանը ցույց է տալիս, որ, թեև Եվրոպայի հետ մեր հարաբերությունները վատացնում ենք, բայց ունենք Ռուսաստան: Ես կարծում եմ, որ նրանք շատ հեռու չեն գնա, քանի որ կան մի շարք պատճառներ: Առաջինն այն է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և իր ռազմական միջոցները ստանում է ԱՄՆ-ից: Սա շատ կարևոր սահմանափակում է Թուրքիա-ՌԴ հարաբերություններում: Երկրորդն այն է, որ Ռուսաստանն իր զենքով կարողանում է ազդել Մերձավոր Արևելքի վրա և նրա ձիրքը բավականին բարձր է նաև Հայաստանում՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում գտնվող նրա ռազմական բազայի դերն ավելի է մեծանում: Չէ՞ որ մենք ունենք ՌԴ այնպիսի զենք, որի գործողության չափերը մի քանի հարյուր կիլոմետրի են հասնում և դա գիտեն նաև Մերձավոր Արևելքում»:
Աղավնի Սուքիասյան