ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժինը մարտի 11-ին, ժամը 17.25-ին, 1950 թ. ծնված Սաթիկ Բ.-ից ահազանգ է ստացել, որ իրենց տան խորդանոցը դասավորելիս զինամթերք է գտել:

Մեկնած օպերատիվ խմբին Սաթիկ Բ.-ն ներկայացրել է նռնակ, նռնակի պայթուցիչ, փամփշտատուփ, որի մեջ եղել է 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և հայտնել, որ զինամթերքը պատկանել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած որդուն (մահացել է 2004 թ.):

Ինչպես տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, մարտի 11-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներից մեկին է զանգահարել 1979 թ. ծնված Կամո Հ.-ն և հայտնել, որ իրենց խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս զինամթերք է հայտնաբերել:

Կամո Հ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին ներկայացրել է 1 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաձիգի 120 փամփուշտ և հայտնել, որ զինամթերքը պատկանել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած հորը (մահացել է 2016 թ.):