Մարտի 21-ին մի չափազանց ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել. Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը: Սա, թերևս, պետք է համարել նախագահ Սարգսյանի` վերջերս Եվրոպա կատարած այցի տրամաբանական հետևանք, որի ընթացքում ՀՀ նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում հայտարարել էին ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին:

Ընդհանրապես, պետք է նկատել, որ վերջին շրջանում չափազանց հետաքրքրական զարգացումներ են ընթանում Հայաստանի շուրջ հատկապես արտաքին ճակատում. ակնհայտ է, որ 2017թ-ի գարունը ոչ մի ընդհանուր բան չունի 2016թ-ի գարնան հետ, երբ մեր երկիրը հայտնվել էր փաստացի չափազանց անցանկալի վիճակում: Այժմ աշխարհաքաղաքական ուժային կենտոններից կարևորագույնները չափազանց բարեկամաբար են տրամադրված Երևանի նկատմամբ՝ փորձելով այստեղ ոչ թե հակադրվել միմյանց, այլ համադրել ընդհանուր շահերը:

Իրականում հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, հարկավոր է մի քանի կարևորագույն ֆակտորներ հաշվի առնել: Նախ՝ ամենակարևորն այն է, որ աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակը ոչ միայն Անդրկովկասում, այլև գլոբալ իմաստով շատ ավելի կանխատեսելի է այժմ, քան՝ նախկինում էր: Ճիշտ է՝ դեռևս աշխարհի առաջատար երկրները հեռու են միմյանց միջև լիակատար ներդաշնակության հաստատումից, սակայն, փաստ է, որ Արևմուտքն այլևս ակնհայտ հակառուսական քաղաքականություն չի վարում: Այլ կերպ ասած, եթե նախկինում Արևմուտքն անում էր ամեն ինչ՝ Ռուսաստանի ազդեցությունը լիակատարորեն ի չիք դարձնելու այդ երկրի համար ավանդական ազդեցության գոտի համարվող տարածաշրջաններում և, մասնավորապես, Կովկասում, ապա այժմ կարծես Արևմուտքը համակերպվել է այն մտքի հետ, որ Մոսկվային այս տարածաշրջանից վտարելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է:

Սա կարող է նշանակել մեկ բան. եթե նախկինում Մոսկվան, որ ենթարկվում էր արտաքին ճնշումների, կարիք ուներ ղարաբաղյան խաղաքարտի ու փորձում էր ամեն գնով բոլորին ապացուցել, որ հենց ինքն է այստեղ իրավիճակի տերն, ապա հիմա ,երբ աշխարհն այլևս համոզվեց դրանում, Պուտինը նման խնդիր չունի. նրա գերիշխանությունն Անդրկովկասում ու ամուր ներկայությունը Մերձավոր Արևելքում ընդունում են բոլորը, բայց հատկապես Դոնալդ Թրամփը՝ աշխարհի թիվ մեկ գերտերության նախագահը:

Ու քանի որ ամեն բան հենց այնպես է, ինչպես նկարագրվեց, հետևաբար՝ Մոսկվային Անդրկովկասում խաղաղություն է հարկավոր, ինչը զրոյացնում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը Կրեմլի համար՝ վերածելով Բաքվին էներգակիրների համաշխարհային շուկայում Մոսկվայի համար սովորական մրցակցի: Ընդհանրապես, պետք է ասել, որ Ադրբեջանը ՌԴ համար մի տեսակ կատաղած շան պես է ընկալվում, որին հարկ եղած դեպքում կարելի է և գրգռել: Հիմա, սակայն, իրավիճակը բոլորովին այլ է, ու այդ կատաղած շունը պետք է իր գլուխը մի կերպ խցկի սեփական ոտքերի արանքն ու ավելորդ շարժումներ չանի: Իսկ թե ինչ կարող է պատահել այդ գրողի տարած շան հետ, եթե վերջինս փորձի ինքնագլխություն դրսևորել ու կծմծել, ցույց է տալիս հատկապես ռուս քաղաքական և հասարակական գործիչ, գործարար Գերման Ստերլիգովի վերջին հայտարարությունը, թե Արցախը պատմական Հայաստանի մի մասն է, իսկ Ադրբեջանն էլ մի երկիր է, որն ընդամենը 100 տարի առաջ առհասարակ գոյություն չուներ: Թե ինչ է սա նշանակում, Բաքվում, բնականաբար, շատ լավ ընկալել են ու բացատրական բառարանների կարիք հաստատ չեն զգում:

Ինչ վերաբերում է Հայաստան-Արևմուտք կապերի որոշակի խորացմանն ու այն հարցին, թե ինչով է պայմանավորված Մոսկվայի հանգիստ վերաբերմունքը Հայաստանի ու Եվրոպայի հարաբերություններում տեղի ունեցող դրական տեղաշարժերրի հանդեպ, ապա այստեղ ամեն բան պարզ է. Մոսկվան համոզված է, որ հայ-եվրոպական հարաբերությունները չեն կարող իր դեմ ուղղված լինել, ու այդ հարաբերությունները կզարգանան այնքան, քանի դեռ չեն հակասել ՌԴ շահերին: Իսկ Արևմուտքն էլ, իր հերթին, ստեղծված իրավիճակում բնավ դեմ չէ առիթից օգտվելուն ու փորձելուն երկխոսություն ծավալել Երևանի հետ. նախ դա հավելյալ զսպիչ գործոն կդառնա Բաքվի դեմ կիրառվող՝ կանխելու հավանական ագրեսիան, որին Արևմուտքը ևս խիստ դեմ է, երկրորդ՝ Արևմուտքին կհաջողվի գոնե ինչ-որ բան այստեղ պահպանել, վառ պահել հայ-եվրոպական հարաբերությունների ճրագը:

Սերժ Սարգսյանի վերջին այցերը Եվրոպա ու Մոսկվա անասելի բեղուն են ստացվել: Նախագահին հաջողվել է փաստարկված կերպով բոլորին համոզել, որ տարածաշրջանում որևէ մեկի շահերից չի կարող բխել նոր պատերազմի հրահրումը և որ չարժե ընդամենը Ալիևի «սրտին յուղ քսելու» համար հարցականի տակ դնել ողջ Անդրկովկասի ապագան. այս փայլուն միտքը, պետք է նկատել, համապատասխան կենտրոններում շատ լավ է ընկալվել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ