«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմկերպության դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի մասնակից երկրների նախարարական հանդիպումը, ինչպես սպասվում է, մարտի 22-ին կբացվի Վաշինգտոնում 68 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ավելի վաղ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտնել է, որ հանդպումը նախագահելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Դա կդառնա ամբողջական կազմով 68 պետությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումը 2014 թվականի դեկտեմբերից ի վեր: Ռուսաստանը չի մասնակցելու հանդիպմանը, քանի որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անդամ չէ:
«Մենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կարեւոր փուլում ենք եւ նախարարական այս հանդիպումը կօգտագործենք ԴԱԻՇ-ի ջախջախմանն ուղղված միջազգային ջանքերն ուժեղացնելու համար, ինչպես նաեւ առավելագույնս կմեծացնենք նրա բաժանմունքների, մասնաճյուղերի եւ ցանցի վրա գործադրվող ճնշումը»,- ասել է Թոները:
Նրա խոսքով՝ նախարարական հանդիպման ընթացքում «հանգամանալի քննարկում» կկայանա ԴԱԻՇ-ի դեմ պայքարում կոալիցիայի գերակա գործողությունների շուրջ, ներառյալ ռազմական, ինչպես նաեւ կքննարկվի հումանիտար ճգնաժամը Իրաքում եւ Սիրիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: