Խտրականությունը եւ օտարատեցության տրամադրություններն ուժեղանում են աշխարհում, եւ շատ երկրներում առաջին դերեր են ստանձնում այն քաղաքական գործիչները, որոնք արմատական հայացքներ են դավանում: Մարտի 21-ին այս տեսակետն է շարադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի՝ Հանուն ռասայական խտրականության վերացման պայքարի միջազգային օրվա առթիվ գումարված նիստում:

 

Նա հիշեցրել է, որ այդ օրը ՄԱԿ-ի օրացույցում նվիրված է Հարավաֆրիկյան Հանրապետությունում 1960 թվականի մարտի 21-ի իրադարձություններին, երբ ոստիկանությունը կրակ բացեց բողոքի ակցիայի մասնակիցների վրա՝ սպանելով 69 անզեն մարդկանց, որոնք հանդես էին գալիս ապարտեիդի վարչակարգի դեմ: «57 տարի անց հայացք նետելով աշխարհի վրա՝ թվում է, թե այն նվազ հանդուրժողական եւ ավելի շատ մեկուսացած է դառնում:

 

«Խտրականությունը եւ բռնությունը վերելք են ապրում, մարդիկ հարձակումների են ենթարկվում իրենց ռասայական, ազգային, էթնիկական, կրոնական պատկանելության կամ սեռական կողմնորոշման պատճառով»,- ասել է համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը: Չբերելով կոնկրետ օրինակներ՝ նա արձանագրել է պետությունների կողմից իրենց միգրացիոն քաղաքականության խստացումը, ինչպես նաեւ փախստականների առջեւ պետական սահմանների փակումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: