Բացառիկ է այս մրցանակը, քանի որ կատարած աշխատանքի գնահատական է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի 2016 թվականի լավագույն մարզիչ Վարդան Բիչախչյանը:
«Սա միայն իմ մրցանակը չէ, «Շիրակ» ակումբինն է' սկսած ֆուտբոլիստներից, վերջացրած ադմինիստրատիվ կազմով: Մրցանակը տարվա ամփոմփումն էր: Բնականաբար հաճելի է և կօգնի հետագայում էլ ավելի լավ աշխատել»:
Խոսելով այն մասին, որ «Շիրակ»-ից միայն մեկ ֆուտբոլիստ է հավաքական հրավիրվել, մարզիչն ասաց.
«Հավաքականն ունի գլխավոր մարզիչ, ով ներկա է գտնվում յուրաքանչյուր խաղի: Եթե կան արժանիներ` անպայման կհրավիրվեն: Եթե միայն Անատոլի Այվազովն է հրավիրվել, ուրեմն հավաքականի գլխավոր մարզիչը նպատակահարմար է գտել միայն նրան հրավիրել: Եթե կլինեն ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան օգնել հավաքականին, անպայման կհրավիրվեն»:
Անդրադառնալով մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը, Բիչախչյանն ասաց.
«Չեմ սիրում կանխագուշակություններ անել: Ցանկանում եմ, որ հավաքականի վերջին խաղի էմոցիաները շարունակական լինեն, այսինքն՝ կարողանանք լավ խաղով աչքի ընկնել: Հավաքականին առաջիկա խաղում հաղթանակ եմ մաղթում»: