Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ դաշինքներն ու կուսակցություններն իրենց քարոզարշավն են իրականացնում: Եվ որքան մոտենում են ընտրությունները, այնքան կրքերն ավելի են թեժանում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ընթացող քարոզարշավը գնահատեց բավարար՝ նշելով, որ ՀՀԿ-ին տարբեր շրջաններում տարբեր կերպ են ընդունում: Նրա կարծիքով՝ քաղաքական ուժերի մեջ մրցակցություն, ամեն դեպքում, առկա է:
Անդրադառնալով վերջին շրջանում կատարավող իրադարձություններին՝ կրակոցներ, դանակահարություններ՝ Մինասյանը դատապարտեց դրանք. «Անկախ նրանից, թե որ ուժերի կողմից են լինում նման բախումներ, պետք է պատասխան տան օրենքի առաջ»:
Հարցին՝ գո՞հ է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում զբաղեցրած իր տեղից, նա նշեց. «Ես հիվանդագին ամբիցիաներ չունեմ, դա ողբերգություն չեմ համարում: Ինչ ինձ կառաջարկեն՝ ես պատրաստ եմ կատարել»:
Մենք զրուցեցինք նաև ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի հետ՝ պարզելու, թե նա ինչպես է գնահատում նախընտրական այս շրջանը և ինչպես է գնահատում քարոզարշավը:
Նրա կարծիքով՝ քարոզարշավը նորմալ է ընթանում և քաղաքական ուժերից որևեցիե մեկը մյուսին չի խանգարում և մրցակցության խնդիր չի տեսնում:
Դաշինքների և կուսակցությունների խորհրդարան մտնելու մասին, պատգամավորի կարծիքով, վաղ է խոսելը, քանի որ դեռ ժամանակ կա մինչև խորհրդարանական ընտրությունները. «Կարծում եմ՝ առնվազն 4-5 կուսակցություն կմիավորվի, կստեղծի մեկ դաշինք և կմտնի խորհրդարան»,- ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ըստ Սուքիաս Ավետիսյանի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը տարբեր շրջաններում էլ լավ են ընդունում:
Խոսելով քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի մասին, նշեց՝ ընտրողները հասկանում են, թե որ ծրագրերն են իրատեսական և որ քաղաքական ուժի հետևից կարելի է գնալ:
Նշենք, որ Սուքիաս Ավետիսյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակում զբաղեցնում է 171-րդ տեղը: Նա առաջադրվել է Շիրակի մարզում, իսկ Մկրտիչ Մինասյանը՝ 42-րդ:
Սոնա Հարությունյան