«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Հրապարակ» թերթի այն տեղեկատվությունը, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ի միջև ձայների փոխանցման վերաբերյալ՝ բացարձակ սուտ է և անգամ նվազագույն առնչություն չունի իրականության հետ:
Հրապարակման մեջ իրականությանը համապատասխանող միակ նախադասությունն այն է, որ իսկապես օրեցօր «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը շարունակական աճ է արձանագրում: Իսկ մնացյալ տեղեկատվությունը, ըստ նրա, կատարյալ հերյուրանք է:
«Վստահ եմ, որ ինչպես «Ծառուկյան» դաշինքի, այնպես էլ ընտրապայքարին մասնակցող մյուս բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հանձնաժողովի անդամները, վստահված անձինք՝ տեր են կանգնելու իրենց օգտին տրված յուրաքանչյուր քվեին և թույլ չեն տալու որևէ ընտրական մանևրում:
Եվս մեկ անգամ նմանատիպ ստահոդ ինֆորմացիոն հոսքերի հեղինակներին կոչ ենք անում զսպել չեղած երևույթները իրականի տեղ սղացնելու անհագուրդ ցանկությունը և առաջնորդվել մասնագիտական ու մարդկային սկզբունքներով, եթե այդպիսիք իհարկե դեռ կան:
Պարոն Ծառուկյանի կողմից մշտապես բարձրացայնված՝ լրատվամիջոցների կողմից մարդկանց շարունակաբար թյուրիմացության մեջ գցելու ծանոթ գործելաոճը ի վերջո պետք է դադարեցվի, քանի որ այս ամենն արվում է մեր երկրում ապրող բոլոր քաղաքացիների, այդ թվում նաև նմանատիպ հրապարակումների հեղինակների համար»: