168.am-ի ԲՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ամանորյա տոներից հետո Հայաստան վերադառնալուց հետո է միայն իմացել, որ ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանն առաջադրվել է նախագահի թեկնածու:
Լուրեր.com-ի հետ զույցում ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ տեղեկատվությունը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: «Երբ մամուլում հրապարակումներ արդեն եղել են Ռուբեն Այվազյանի առաջադրվելու մտադրության վերաբերյալ, այդ ժամանակ արդեն իսկ Գագիկ Ծառուկյանը տեղյակ է եղել»,-ասաց խոսնակը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանը կատարելապես տեղեկացված է լինում բոլոր զարգացումներից, որոնք առնչվում են կուսակցությանն ու կուսակցականներին:
Իվետա Տոնոյանը հերքեց նաև այն տեղեկությունները, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանն է հրահանգել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Այվազյանը չգրանցվի. «Գագիկ Ծառուկյանն այդ ամեն ինչի հետ որևէ առնչություն բնականաբար չէր էլ կարող ունենալ: Այդ համատեքստում մամուլի ցանկացած հրապարակում բացարձակ ապատեղեկատվություն կլինի»: