ՀՀ նախագահի թեկնածու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան, ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ թեկնածություն առաջադրելու համար վճարելիք ընտրագրավի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել ու հրաժարվել է ընտրապայքարից, որպեսզի իր քայլը չդիտարկվի որպես ԲՀԿ-ին թիկունքից հարված ։
«Իմ հրաժարականը կախված էր իմ կուսակցության անդամների հետ ամբողջական քննարկումից։ Իմ գումարը մեկ օրում է հավաքվել է, ես նախկին իմ հայտարարությունում նշել եմ, որ նախքան առաջադրվելս չեմ խորհրդակցել կուսակիցների հետ, քանի որ ԲՀԿ-ի որոշումը չէր տարածվում կուսակցականների վրա»,- ասաց նա՝ փաստելով, որ իր թեկնածության մասին իր ընտանիքի անդամներն անգամ հեռուստաեթերից են տեղեկացել՝ «միայն գիտեին, որ ծրագիր եմ մշակում»։
Նրա խոսքով՝ ստացվել է, որ ինքը դեմ է դուրս եկել կուսակցության քաղխորհրդի որոշմանը, բայց այդպես չի եղել. «ԲՀԿ-ն որոշել էր, որ կոնկրետ կուսակցությունը չառաջադրի որևէ թեկնածուի և որևէ մեկին չառաջադրի։ Ես ասել էի, որ եթե կուսակցությունը ցանկանա, միայն այդ դեպքում կհրաժարվեմ, ես այն անձանցից չեմ, որ չորս-հինգ կուսակցություն փոխեմ, որպեսզի ինչ-որ պաշտոններ ստանձնեմ»,- ասաց Այվազյանը։
Հիշեցնենք, որ օրերս մամուլում հրապարակվել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ամանորյա տոներից հետո Հայաստան վերադառնալուց հետո է միայն տեղեկացել, որ ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանն առաջադրվել է նախագահի թեկնածու: Ծառուկյանին այս տեղեկությունը խիստ զարմացրել է ու զայրացրել, ինչի արդյունքում նա հրահանգել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Այվազյանը չգրանցվի։
Սակայն ԲՀԿ ղեկավարի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքել էր մամուլում հրապարակված տեղեկությունը, ասելով, որ՝ «Գագիկ Ծառուկյանը կատարելապես տեղեկացված է այն բոլոր զարգացումներին, որոնք առնչվում են կուսակցությանը, կուսակցականների գործունեությանը»։
Այն հարցին, թե արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բարկացե՞լ էր առաջադրման առթիվ, բանախոսն ասաց, որ կարող է Ծառուկյանը բարկացել է, բայց ինքը չի զգացել։