Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Աբովյան փողոցի թիվ 52 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1961 թվականին ծնված Արամայիս Թ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Արամայիս Թ.-ն հայտնել է, որ դրամապանակը գողացել է թիվ 26 երթուղու ավտոբուսի սրահում՝ ուղևորուհուց: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ուղևորուհին 1984 թ. ծնված Հասմիկ Ա.-ն է:
Գողոնն առգրավված է:
Նշված բաժանմունքի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 9 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թվականին ծնված Կարո Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:
Կարո Մ.-ն հայտնել է, որ դրամապանակը գողացել է թիվ 63 երթուղու ավտոբուսի մի ուղևորուհուց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժած անձը 1949 թվականին ծնված Նելլի Ֆ.-ն է:
Վերոհիշյալ երկու դեպքերի առթիվ կատարվում է հետաքննություն: