Արարատի մարզի Հայանիստ համայնքում մարտի 29-ին մահացու վրաերթի են ենթարկվել նույն գյուղի դպրոցի տնօրեն, 63-ամյա Հովհաննես Իսպիրյանը և գյուղի բնակչուհի, 58-ամյա Ստելլա Մեսրոպյանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայանիստ համայնքի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանը:
Համայնքի ղեկավարը նշեց, որ վրաերթը տեղի է ունեցել Հայանիստ համայնքի դպրոցի մոտակայքում, ժամը 15:00-16:00-ի սահմաններում:
«Նախնական տվյալներով, նրանք մայթով քայլելիս են եղել դեպի խաչմերուկ, մեքենան արագությամբ եկել-վրաերթի է ենթարկել, երկուսն էլ տեղում մահացել են: Իմ իմացած տվյալներով՝ պատճառը մեքենայի արագությունն է եղել»,- ասաց Բալաբեկ Սարկիսյանը:
Ըստ տեղեկությունների՝ այսօր հայտնաբերվել է Հայանիստ գյուղում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած անձը: Նա Երևան քաղաքի Վերին Չարբախ թաղամասի բնակիչ, 32-ամյա Գրիգոր Մխիթարյանն է:
Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողել էր անօգնական, ավտոմեքենան թողել դեպքի վայրում և դիմել փախուստի:
Վերջինս, որպես կասկածյալ, ձերբակալվել է:
Լուսանկարում Գրիգոր Մխիթարյանն է:
Սոնա Հարությունյան