Հայաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Եվրամիության դիվանագիտական առաքելությունները համատեղ հայտարարություն են տարածել ընտրական գործընթացների վերաբերյալ, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնում ընտրողների վրա անօրինական ժանապարհով տարբեր տեսակի ազդեցություն գործելու մասին տեղեկությունների վերաբերյալ:

Այս հայտարարությունը կդառնար հերթականներից մեկը, եթե չլինեին մի քանի հատուկ շեշտադրումներ, որոնք նախորդ ընտրությունների նախօրեին չէին գրանցվել: Խոսքը ԵՄ տոնայնության և հայտարարությունների հասցեականության մասին է: Առաջին անգամ քննադատության վեկտորը ուղղվում է հենց իշխանությունների կողմը, և վերջիններիս մեղադրում են նախընտրական շրջանում կեղծիքները և վարչական ռեսուրսի կիրառումը կանխել չկարողանալու մեջ:

ԵՄ-ը դեղին քարտ է ցույց տալիս իշխանություններին՝ վերջիններիս կողմից իրենց ստանձնած պարտավորվածությունները թերի կատարելու համար: Բացի այդ առաջին անգամ եվրոպական դիվանագիտական առաքելությունների հայտարարության մեջ նկատվում է խոսքից գործի անցնելու պատրաստակամությունը և վճռականությունը: Կախված ընտրությունների ընթացքից Եվրոպան կարող է նախապատրաստել մի շարք բարձրաստիճան հայ պաշտոնյաների սև ցուցակ:

Անշուշտ, նման ցուցակներ եղել են նաև նախորդ ընտրություններից հետո և մինչ օրս մի շարք պատգամավորներ և գործարարներ զրկված են Եվրոպա այցելելու հնարավորությունից: ԵՄ անդամ երկրները և ԱՄՆ իրենց դիվանագիտական առաքելությունների միջոցով ակնարկում են՝ այս անգամ խոսքը ցուցակում ներգրավված պաշտոնյաների կալիբրի մասին է:

Այս կերպ Եվրոպան մեսիջ է հղում հայ հանրությանը, առ այն, որ միջազգային կառույցները հետևողական են լինելու ընտրական գործընթացի իրավականության, օրինականության և հավասարության ապահովման խնդրի լուծման գործում Հայաստանի իշխանությունների վրա ճնշում բանեցնելու հարցում: Անշուշտ, ՀՀ շարքային քաղաքացու համար դժվար է պատկերացնել, որ եվրոպական երկրները մեզնից շատ կարող են շահագրգռված լինել ընտրությունների օրինականության և Հայաստանը ժողովրդավարության օազիսի վերածելու մեջ:

Շահարկելով ընտրությունների թեման և նաև քաղաքական շանտաժի գործիքակազմ ընտրելով եՄ և ԱՄՆ առավել հեռահար և իրենց համար ռազմավարական կարևորություն ունեցող նպատակներ են հետապնդում: Արևմուտքի համար այսօր Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացները որևէ լավ բան չեն խոստանում: ԵՄ-ում քաջ գիտակցում են, որ 2018 թվականից հետո Հայաստանը կտրուկ շրջադարձ է կատարելու դեպի Ռուսաստանի Դաշնություն, ինչը բնավ արևմուտքի շահերից չի բխում:

Եվրոպան ջանում է օր առաջ կանխել իրավիճակի նման զարգացումը և իր համար այդչափ տհաճ սցենարը: Այսինքն, ի դեմս ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունների՝ արևմուտքը փորձում է խաղի որոշակի կանոններ հստակեցնել և ստանալ այդքան անհրաժեշտ երաշխիքները, որ ընտրությունների արդյունքում ՀՀ-ն ամբողջությամբ երես չի թեքի արևմտյան ինտեգրացիոն նախագծերից:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ