Երեկ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԺ «Ծառուկյան» դաշինքի 9 պատգամավոր` քրեական հեղինակություն, «Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարան: Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը և Նորատուսցի Ալիկի խափանման միջոցը թողել անփոփոխ:
Ներկայացված միջնորդության մեջ թերևս ամենաուշագրավը դրա տակ Սասուն Միքայելյանի ստորագրությունն է, ով հանդիսանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, իսկ նման քայլը, մեղմ ասած, հակասում է թավշյա հեղափոխության նախանշած սկզբունքներին: Այդ սկզբունքներին համապատասխանում են, օրինակ՝ ԵԼՔ-ի երկու պատգամավորների՝ Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի` այսօր ներկայացրած միջնորդությունը, որի շնորհիվ շուտով ազատության մեջ կհայտնվի «տոնածառի գործով» ձերբակալված Գևորգ Սաֆարյանը: Ընդ որում` առնվազն տարակուսելի է, որ քրեական հեղինակության ազատման միջնորդության տակ ստորագրել է 9 պատգամավոր, իսկ տոնածառի հագուստով Հանրապետության հրապարակ դուրս գալու մեղադրանքով կալանավորված երիտասարդի ազատ արձակման համար «վիզ են դրել» ընդամենը երկուսը:
Գլխավոր հարցն այստեղ կայանում է նրանում՝ արդյո՞ք Սասուն Միքայելյանի միջնորդությունը համաձայնեցված էր վարչապետ Փաշինյանի հետ, թե՞ սա պատգամավորի, այսպես ասած՝ անձնական նախաձեռնությունն է, որի հետևում հենց սեփական քաղաքական շահերն են: Եթե այս միջնորդությունը համաձայնեցված չէ, դա նշանակում է՝ այստեղից Փաշինյանի կողմից բազմիցս ահազանգած սաբոտաժի հոտ է գալիս: Քաջ գիտակցելով, որ տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն մեր երկրում ընտրություններին ձայների առյուծի բաժինը բերում է հենց կրիմինալ հատվածը, տարատեսակ տեղական քրեական հեղինակությունները և օրենքով գողերը՝ Միքայելյանը փորձում է «իրենով անել» այս կարևոր կապիտալը: Այս պարագայում՝ հասկանալի է Միքայելյանի շահագրգռվածությունը Նորատուսցի Ալիկի և նրա նմանների՝ ազատության մեջ հայտնվելու հարցում: Միքայելյանը հեղափոխության հաղթանակից հետո կարծես թե մնացել է խաղից դուրս վիճակում: Նա իր թիմակիցներից շատերի պես՝ պաշտոն այդպես էլ չստացավ, թեև սկզբնական շրջանում նրան ուղարկում էին ՊՆ, իսկ այնուհետև տեղեկություն տարածվեց, որ նա կստանա Կոտայքի մարզպետի պաշտոնը: Միքայելյանի այս քայլը կարող է լուրջ գլխացավանք դառնալ վարչապետ Փաշինյանի համար, հատկապես, որ սա առաջին դեպքը չէ, երբ նրա թիմակիցները կարևորագույն հարցերում «մոռանում» են իր հետ խորհրդակցել: Հիշենք թեկուզ Ալեն Սիմոնյանի կողմից պատգամավորական մանդատը ստանձնելը և հաշված ժամեր անց դրանից հրաժարվելը: Թիմակցի այս որոշումը նույնպես անակնկալ էր Նիկոլ Փաշինյանի համար:
Եթե Միքայելյանի այս քայլը համաձայնեցված է եղել Փաշինյանի հետ, ապա հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել: Եթե նոր իշխանությունները փորձում են Սասուն Միքայելյանի միջոցով իրենցով անել քրեական աշխարհը, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւմն է նրանց և նախկին իշխանությունների որակական տարբերությունը: Հայաստանում երկու տասնյակից ավելի գողականները սերտաճել են իշխանություններին: Թավշյա հեղափոխության գլխավոր նպատակն այդ կաստայացած համակարգը վերացնելն էր: Մի կողմից՝ հասկանալի է, որ առջևում ընտրություններ են, և քրեական աշխարհը գուցե նոր իշխանությունների համար ապահովի պայմանական ձայները, սակայն հասկանալի է, որ նրանց բերած 20 հազարը Փաշինյանի համար կարող է 200 հազար ձայնի կորուստ արժենալ, քանի որ վարչապետի թիկունքում այսօր հասարակության հենց այն հատվածն է, որը ցանկանում է Նոր Հայաստանում տեսնել օրենքի տառի և ոգու գերակայությունը, երբ օրենքը խախտող ցանկացած անձ, անկախ իր զբաղեցրած դիրքից, կենթարկվի պատասխանատվության. չէ՞ որ հենց արդարության պահանջն էր ընկած թավշյա հեղափոխության հիմքում: Եվ այսօր օրինախախտներին արտոնություններ տալը որևէ կերպ չի տեղավորվում Նոր Հայաստանի տրամաբանության մեջ, հակառակը՝ ամբողջությամբ համահունչ է նախկին իշխանությունների գործելաոճին: Առնվազն տարակուսելի է, երբ հեղափոխական թիմի ներկայացուցիչները ցանկանում են ազատ արձակել քրեական հեղինակությանը այն պարագայում, երբ նույն Ժիրայր Սեֆիլյանը դեռևս կալանքի տակ է: Դժվար է հավատալ, որ Նորատուսցի Ալիկն իր կյանքի ընթացքում ավելի մեծ ծառայություններ է մատուցել հայրենիքին, քան Սեֆիլյանը:
Քրեական աշխարհին տրված «արտոնություն» կարելի է դիտարկել նաև Էջմիածին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի վերադարձը: Նոր Հայաստանում Դոն Պիպոն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, չնայած այն հանհամանքին, որ նրա թիկնապահները ոչ վաղ անցյալում 3 օր սեփական հաշվեհարդարն են տեսել իր մահափորձի մեջ կասկածվող այսպես կոչված «քիլլերների» հանդեպ, նրանց բազմաթիվ մարմնական վնասվածքներ հասցրել, ծեծ ու ջարդի ենթարկել և միայն 3 օր հետո հանձնել ոստիկանությանը: Մամուլում այս առթիվ բազմաթիվ հրապարակումներ եղան, սակայն այսքանից հետո էլ Դոն Պիպոն վերադառնում է՝ մնալով անպատիժ, մինչդեռ հասկանալի է, որ նա օր առաջ պետք է հարցաքննվեր, իսկ գործն էլ վերաբացվեր՝ անցնելով արդար դատական համակարգի պրիզմայով: Սակայն նոր իշխանությունների կողմից այս քայլերը փոքր-ինչ ուշանում են: Այստեղ էլ հարց է, թե ո՞վ է այսօր Էջմիածնում «պահում» Դոն Պիպոյի թիկունքը: Սուրբ քաղաքում նրա ոդիսականի ֆոնին մամուլում ուշագրավ տեղեկություններ են տարածվում, թե Սասուն Միքայելյանը «աչք ունի» ԵԿՄ նախագահի պաշտոնի վրա և ցանկանում է զբաղեցնել գեներալ Մանվել Գրիգորյանի տեղը: Չի կարելի բացառել, որ այստեղ էլ Միքայելյանը փորձում է իր հարցերը լուծել՝ դիմելով քրեական աշխարհի ներակայացուցչի օգնությանը:
Ինչևէ, վարչապետ Փաշինյանի թիմում այս պահին չհամաձայնեցված գործողությունները և դրանց հետևանքով առաջացած հարցականներն ակնհայտ են, մինչդեռ հեղափոխության միջոցով իշխանության եկած թիմը պետք է դրսևորի շատ ավելի լայն կոնսոլիդացիա և կարգապահության ավելի բարձր մակարդակ, հակառակ դեպքում՝ խնդիրներն անխուսափելի են ...