Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը ևս մեկ մեծ ետքայլ արձանագրեց: Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն: 

Ո՛չ ոստիկանության հայտարարած ընտրողների թիվը՝ 2 միլիոն 588 հազար, ո՛չ ԿԸՀ-ի հայտարարած՝ ընտրություններին մասնակցածների թիվը՝ 1 մլն 575 հազար, և ո՛չ էլ ՀՀԿ-ի ստացած 700 հազար քվեները որևէ աղերս չունեն իրականության հետ:

Ընտրությունների արդյունքները չեն արտացոլում մեր հասարակության իրական տրամադրությունները, չեն արտահայտում ժողովրդի շահերը: Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտները ձախողած և տապալած ուժը չի վայելում Հայաստանի ժողովրդի անգամ նվազագույն վստահությունը:

Այսպիսով՝ մենք կրկին ունեցանք ապօրինի ճանապարհով ձևավորված ոչ լեգիտիմ իշխանություն, ինչի արդյունքում է՛լ ավելի խորացավ քաղաքական մենաշնորհը, ավելի են սրվելու երկրում առկա խնդիրները, ավելի է խորանալու անհուսությունն ու անարդարության զգացումը, ավելի է մեծանալու արտագաղթը և լրջորեն վտանգվելու է մեր երկրի անվտանգությունը:

Իշխանությունը, կարծես, ուզում է ամրապնդել ժողովրդի մեջ առկա այն մտայնությունը, որ Հայաստանում ընտրությունների ճանապարհով որևէ փոփոխության հասնել հնարավոր չէ: Տեղի ունեցավ քաղաքականությունից հեռու փողատեր թաղային «հեղինակությունների» կռիվ՝ երկրի համար ամենածանր հետևանքներով:

Անկախ ամեն ինչից՝ մեզ համար մեծ պատիվ է, որ մենք մշտապես պաշտպանել և պաշտպանելու ենք ժողովրդի շահերը՝ մնալով ժողովրդի մեջ որպես նրա բաղկացուցիչ մաս: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր քվեն, որը տրվել է դաշինքին: Շնորհակալ ենք մեր ակտիվիստներին ու համակիրներին, որոնք այս կեղտոտ և գաղջ մթնոլորտում ցուցաբերել են քաղաքացիական բարձր գիտակցություն:

Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն ընտրողներին, որոնք քվեարկել են խղճի մտոք՝ անկախ նրանից, թե որ ուժին են տվել իրենց ձայնը:

 

Վստահեցնում ենք, որ դաշինքում ներգրավված ուժերը շարունակելու են իրենց գործունեությունը հանուն Հայաստանի և նրա քաղաքացիների արժանապատիվ կյանքի:

 

Համոզված ենք, որ այս մղձավանջը երկար չի կարող շարունակվել, քանզի մեր երկիրն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ մեծ շռայլություն է նման իշխանություններին պետություն վստահելը: Փոփոխություններն անխուսափելի են, և մենք լինելու ենք այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում:

 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք