Ընտրություններից առաջ ձեւավորված դաշինքներից, թերեւս, ամենատարօրինակն ու հակասականը Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծված դաշինքն է: Նախ՝ ձեւավորման փուլում դաշինքի մաս կազմելու հայտ ներկայացրեցին ամենատարբեր գաղափարներ, քաղաքական անցյալ ու աշխարհաքաղաքական «նախասիրություններ» ունեցող ուժեր եւ անհատներ: Ընդ որում, նրանցից մի քանիսի՝ տարիներ ի վեր զբաղեցրած աթոռները, ինչպես ասում են, դեռ կրում են նախկին տերերի մարմնի ջերմությունը:

Մասնավորապես, հերթական անգամ ընդդիմադիր գործունեության հայտ ներկայացրած Վիկտոր Դալլաքյանը բառացիորեն մի քանի օր առաջ էր ազատվել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, իսկ ուրվագծվող դաշինքի հիմնական առանցքը Սեյրան Օհանյանն էր. մարդ, որը 2008 թվականից մինչեւ 2016-ի սեպտեմբերը հանրապետության պատասխանատու պաշտոններից մեկն էր զբաղեցնում:

Արդեն ընտրական տարվա սկզբին՝ դեռեւս չձեւավորված դաշինքն սկսեց ճաքեր տալ. նախ այն լքեց Վիկտոր Դալլաքյանը, ապա՝ ինչ-ինչ տարաձայնությունների մասին հայտարարելով՝ հեռացան ՀԴԿ առաջնորդ Արամ Գ. Սարգսյանը եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Դաշինքի ստեղծումը պատճառ հանդիսացավ, որ «Համախմբում» կուսակցությունում իր մասնակցությունը փաստացի դադարեցնի նրա հիմնադիրներից մեկը՝ նախկին օմբուդսման Կարեն Անդրեասյանը: Վերջինս համաձայն չէր, որ դաշինքը գլխավորի Սերան Օհանյանը: Օհանյանի ու Օսկանյանի հետ համագործակցության հեռանկարը լրացուցիչ պառակտում մտցրեց նաեւ առանց այդ էլ բզկտված «Ժառանգության» շարքերում. կուսակցությունը լքեց հնաբնակներից՝ Անահիտ Բախշյանը: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս դեմ արտահայտվեց դաշինքին «Ժառանգության» մասնակցությանը: Փաստացի, Օհանյան-Օսկանյան դաշինքին միավորված «Ժառանգություն»-ից այսօր հանրությունը ճանաչում է երկու մարդու՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին:

Եթե մնացած բոլոր ուժերի ձևավորման հիմքում կա որոշակի սկզբունք, ապա նախկին երեք նախարարների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի ֆիգուրների վրա կառուցված դաշինքի պարագայում այն գրեթե բացակայում է: Պարադոքս է. առանձին-առանձին այս գործիչներն ունեն անհատական խարիզմա, հանրային լոյալ ընկալում, սակայն իրար հետ որևէ կերպ չեն համատեղվում. առաջնորդվում են տարբեր մոտիվացիաներով, չունեն ծրագրային, գաղափարական ընդհանուր հենք, հատկապես ազգային-քաղաքական որոշ առաջնահերթություններում, օրինակ՝ ԼՂ հարցում, ունեն միանգամայն տարբեր մոտեցումներ:

Ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ընդամենը 7 ամիս առաջ՝ փորձում էր առաջնորդել Սեյրան Օհանյանի ներկայացրած իշխանությունը համաժողովրդական ապստամբությամբ տապալելու հեղափոխական շարժումը՝ որպես հիմնավորում բերելով հենց Օհանյանի պաշտոնավարման ընթացքում Ապրիլյան պատերազմին ունեցած տարածքային փոքր կորուստների անթույլատրելիությունն ու այդ պատերազմին բանակի ղեկավարության անպատրաստությունը:

Թեև գործող իշխանության կարկառուն ներկայացուցիչը հանդիսացող Սեյրան Օհանյանը գլխավորում է ցուցակը, սակայն սեփական քաղաքական հենարան չունի: Ցուցակային հիերարխիան հուշում է, որ նրա քաղաքական ռեսուրսը Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում»-ն է: «ժառանգությունն» ավելի շատ կցորդի կարգավիճակ ունի: Հատկանշական է, որ այն արմատական ընդդիմադիր է եղել թե՛ Օսկանյանի, և թե՛ Օհանյանի ներկայացրած իշխանական համակարգերին: «Ժառանգության» պատառիկների ու հատկապես կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությունը փաստացի օգտագործվում է որպես դաշինքն ընդդիմադիր մատուցելու միջոց, ծխածածկույթ: Քաղաքական ընդհանրական գաղափարախոսական հենք չունի:

Այս դաշինքի հնարավոր լսարանը իրենից խայտաբղետ պատկեր է ներկայացնում: Դաշինքի կազմի մեջ մտնողներն իրենց գլխավոր ակնկալիքը, թերեւս, համարում են Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անձը, նրա ունեցած ազդեցությունը, որոշ ազատամարտիկների աջակցությունը: Այս ամենով հանդերձ, Սեյրան Օհանյանն ունի նաեւ շատ թույլ, խոցելի տեղեր, որոնք այս օրերին առավել ակնառու են երեւում: Դաշինքի մեջ մտած «Ժառանգություն» կուսակցության ավանդական հետեւորդների համար էլ է անհասկանալի այս քաղաքական ուժի ներկայությունն՝ այդ դաշինքում: Թուլացած «Ժառանգության» գործոնն այս դաշինքի համար ձայներ ապահովելու հարցում նվազ դեր կարող է խաղալ:

Դաշինքը գաղափարական ընդհանուր հենք չի կարող ունենալ՝ սկսած արտաքին քաղաքական կողմնորոշումների տարբերությունից: «Մադրիդյան սկզբունքների հեղինակը հենց Վարդան Օսկանյանն է եղել, այն ներկայացվել է որպես Քոչարյանի և Օսկանյանի կողմից բանակցված տարբերակ: Եթե սրան էլ գումարում ենք այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգություն»-ը ունեցել են ԼՂՀ-ն ճանաչելու հետ կապված տրամագծորեն ճիշտ հակառակ դիրքորոշումներ, ինչպես նաև սուր քննադատության են ենթարկել Մադրիդյան սկզբունքները, ապա տարօրինակ է դառնում, թե ինչ գաղափարական ընդհանրություն կարող են ունենալ այդ դաշինքի կողմերը:

Հայաստանում միլիտարիզմը օբյեկտիվորեն ժողովրդականություն է վայելում: Պատերազմող երկրում այլ կերպ լինել չէր կարող: 2008-ի փետրվարյան ցույցերին Տեր-Պետրոսյանը հատուկ ընդգծում էր, որ զինվորական ղեկավարության մեջ կան համակիրներ, նույնիսկ անուններ էր տալիս: Գեներալիտետի, զինվորական վերնախավի աջակցությունը շատ կարևոր է ցանկացած քաղաքական ուժի համար: Իշխանությունները միշտ օգտագործում են գործող զինվորական ղեկավարության հետ իրենց սերտ հարաբերությունների հանգամանքը, ընդդիմադիր դաշտում գործող սուբյեկտներն էլ հպարտանում են նախկին զինվորականներով: «Սասնա ծռերի» անդամներից երկուսը նախկին սպաներ էին: Այս իմաստով Սեյրան Օհանյանը կորած խաղացող չէ, բնականաբար: Նախարար եղած տարիներին նա բավական լավ վարկանիշ ուներ և ժողովրդական խոսք ու զրույցում նրան ընկալում էին որպես «սվոյ սրեդի չուժիխ»: Թե ինչ է տեղի ունեցել ներիշխանական սենյակներից ներս, և թե ինչու է նա հեռացվել պաշտոնից՝ մենք հիմա չենք կարող իմանալ: Բայց ակնհայտ է Օհանյանի մեծ նեղսրտվածությունը իշխանությունից:

Ժամանակին Րաֆֆու հաջողությունը պայմանավորված էր նաև նրանով, որ նրա անցյալը մաքուր էր ու նրան բարդ էր մեղադրել շատ մահացու մեղքերի մեջ այն պարզ պատճառով, որ բարձր պետպաշտոն՝ շատ կարճ ու վաղուց էր զբաղեցրել, բայց 2012-2013թթ. ֆարսից հետո՝ Րաֆֆուն հիշատակելիս, լավագույն դեպքում հումորային կոնտեքստում են հիշատակում ու վաղուց արդեն նրան լուրջ չեն ընկալում։ Օսկանյանի ու Օհանյանի դեպքում իրավիճակն ավելի երփներանգ չէ։ Երկուսի գլխին դամոկլեսյան սրի պես կախված է Մարտի 1-ի հարցը։ Բացի դրանից՝ Օհանյանը ցանկացած պահի կարող է դառնալ թիրախ՝ ապրիլին ի հայտ եկած բամաթիվ բացթողումների համար:

Եվ վերջապես, անգամ այս ամենին կարելի էր վարդագույն ակնոցներով նայել, եթե նոր դաշինքը հանդես գար ինչ-որ լավ ծրագրով։ Սակայն, հետևելով նույն Օհանյանի ու Օսկանյանի հրապարակային հայտարարություններին՝ տեսնում ենք, որ ծրագրի փոխարեն մեզ են հրամցնում կենացներ ու անգամ որպես պոպուլիստական թեզ ընկալվելու համար չափազանց պարզունակ դեկլարացիաներ։


Ստելլա Խաչատրյան