Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսա նահանգում ունեցած ելույթի ժամանակ կրկին քննադատել է Եվրամիության երկրներին:

 

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

 

«Մեզ նրանց չափանիշներն արդեն պետք չեն, մենք ունենք Անկարայի չափանիշները»,- ասել է Էրդողանը:

 

«Նրանք մեր նախարարներին թուլ չտվեցին իջնել ինքնաթիռից, նրանք այդքան կոպիտ են և այդքան անվայել, իսկ սա թուրք ժողովուրդն է և թող այդպես էլ մնա»,- հավելել է նա:

 

Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է ասելով. «Նրանք մեր երկրին թույլ չեն տալիս անդամակցել Եվրամությանը, քանի որ մենք մուսուլման ենք և Թուրքիայի բնակչության 99 տոկոսը մուսուլման է: Նրանք պառակտիչներ են: Մենք մինչև այսօր լռել ենք, բայց արդեն խոսելու ենք: Նրանց մեջ ռասիզմ և իսլամաֆոբիա կա, նրանց մեջ ամեն ինչ էլ կա: Արդեն պարզ խոսենք, նրանք իրենց երկրներում սկսել են հյուրնկալել Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի բանվորական կուսակցության անդամներին և գյուլենականներին, ու նրանց չափանիշներն այլևս մեզ պետք չեն»:

 

Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Գերմանիայի եւ Նիդերլանդների իշխանություններն արգելեցին թուրք նախարարների ելույթը թուրքական արմատներով ընտրողների առջեւ սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեի նախօրեին:

 

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեն կկայանա ապրիլի 16-ին: