Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունն ամփոփեց 2016 թվականին կանանց դեմ բռնության դեպքերի վիճակագրությունն ամբողջ Հայաստանում: Ըստ հոգեբան Աիդա Առաքելյանի՝ իրենց կենտրոն 2016 թվականի ընթացքում գրանցվել է 4393 զանգ, որոնցից 3653-ը վերաբերվել են ընտանեկան բռնության դեպքերին:
Խոսելով թեժ գծերին ստացված զանգերի մասին՝ հոգեբանը նշեց, որ իրենք ստացել են օրական 2-3 ահազանգ: «Կանայք հիմնականում զանգահարում են ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնության ենթարկվելուց հետո: Ահազանգող կանանց մեծ մասը ենթարկվել էր հիմնականում ֆիզիկական բռնության»:
Աիդա Առաքելյանի խոսքով՝ կանայք սկսել են առավել շատ դիմել կանանց բռնության դեպքերը բացահայտող և կանխող հասարակական կազմակերպություններին, ինչը փաստում է, որ այդ կենտրոններին վստահում են:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ նման ՀԿ-ներին դիմող բռնության ենթարկված կանանցից քանի՞ տոկոսն է վերադառնում ամուսնու ընտանիք՝ ապրելու նրա հետ և քանի՞ տոկոսն է դիմում ամուսնալուծության, հոգեբանը պատասխանեց. «Մենք փորձել ենք նաև այդ վիճակագրությունն առանձնացնել, ըստ որի, մեզ դիմած կանանց 34% տոկոսը վերադառնում է ամուսնու տուն՝ շարունակելով ապրել նրա հետ, իսկ 32%-ը գնում է հայրական տուն: Մարզերում իրավիճակը մի փոքր այլ է. եթե քաղաքում կանայք ավելի տեղեկացված են, ապա մարզերում իրավագիտակցության բարձրացման խնդիր ունենք»:
Աիդա Առաքելյանին խնդրեցինք բերել իրենց կենտրոն դիմած կանանց այնպիսի օրինակներ, որոնց նկատմամբ աննախադեպ դաժան բռնություն է կիրառվել: «Շատ ակնառու դեպքեր ենք ունեցել: Բռնության արտահայտման ձևերը շատ դաժան է եղել: Օրինակ՝ մի դեպքում ամուսինը ստիպել է, որ երեխան գնա և պարան բերի, որով պետք է կախեն մորը, մյուս դեպքում՝ օղու շշով հարվածել է կնոջ գլխին, հետո բաց վերքի վրա օղի լցրել, մեկ այլ դեպքում՝ գյուղում ապրող ամուսինը կնոջը բերել և միայնակ թողել է Երևանում՝ նրան կորցնելու նպատակով»:
Աղավնի Սուքիասյան