Հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1955 թ. ծնված, նախկինում դատված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել:

 

Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղում գտնվող իր նախկին կնոջ' 1960 թ. ծնված Օֆելյա Մ.-ի և վագոն-տնակի վրա բենզին է լցրել և հրկիզել:

 

Վագոն-տնակում է եղել նաև Օֆելյա Մ.-ի ներկայիս ամուսինը' 1942 թ. ծնված Ռոդոլֆ Բ.-ն:
Վերջիններս այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղից բերման է ենթարկվել:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լևոն Հ.-ն ձերբակալված է:

 

Կատարվում է նախաքննություն: