ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 50-ամյա կնոջ:
Իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 50-ամյա կինը կենցաղային հարցերի շուրջ հերթական անգամ վիճել է իր ծանոթի՝ Երեւան քաղաքի 1963 թվականին ծնված տղամարդու հետ, որի ընթացքում Երեւան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեի հարակից տարածքում մոտենալով վերջինիս՝ իր մոտ գտնվող տարայի մեջ առկա բենզինը դիտավորությամբ լցրել է 55-ամյա տղամարդու մարմնի վրա եւ հրկիզել նրան:
55-ամյա տղամարդուն պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ արտահայտված դեմքի, պարանոցի, ձախ վերին վերջույթի, ձախ ականջի, կրծքավանդակի 1-2-3-րդ աստիճանի ջերմային այրվածքների ձեւերով, որոնց ընդհանուր մակերեսը կազմել է մաշկածածկույթի մոտ 20 տոկոսը, որն ուղեկցվել է այրվածքային շոկով եւ հիվանդություններով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 50-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: