Մինչև ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները՝ հանրության մեծ մասը, այսպես ասած, «խառն էր» այս ընտրություններով: Անգամ մի անեկդոտ տարածվեց. «Մեկի կոշիկը ոտքը ցավեցնում է, ասում է՝ ընտրություններից հետո կտեսնենք՝ ինչ կլինի»:
Ընտրություններն անցան, սակայն սովորական քաղաքացու կյանքում էական ոչինչ չփոխվեց, միայն մի քանի պատգամավորության թեկնածու կհայտնվեն խորհրդարանում, մի քանիսն էլ մի փոքր կտխրեն՝ հասկանալի պատճառներով:
Հոգեբան Աիդա Առաքելյանից ԼՈւՐԵՐ.com-ը հետաքրքրվեց՝ այս օրերին արդյոք հետընտրական սթրես կա՞ հանրության շրջանում, թե՞ ոչ:
«Վերջինս նշեց, որ, սովորաբար, ցանկացած իրադարձությունից առաջ և հետո՝ կապված զբաղվածության աստիճանից, մարդիկ սթրես են ունենում: Այդպիսի սթրեսներ են, օրինակ, տոներին հաջորդող օրերին մարդկանց մոտ ի հայտ եկած լարվածությունն ու դրա նվազումը: Նման սթերսներ կարող են առաջանալ նաև լարված ընտրական գործընթացներից հետո, ինչի մասին այս օրերին այդքան խոսվում է»,- ասաց նա:
Որպես ասվածի օրինակ՝ մեր զրուցակիցը ներկայացրեց իրենց կենտրոն դիմած մի կնոջ զավեշտալի պատմություն. «Վերջերս մեր կենտրոն մի կին էր դիմել, ում ամուսինը սպառնացել էր ընտրությունների ավարտից հետո մի լավ ծեծել: Ասել էր՝ ընտրությունները վերջանան, տես՝ քեզ ինչ եմ անելու»,-իրադրությունը ներկայացրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր պատմած այս դեպքը հետընտրական սթրեսի ակնհայտ օրինակ կարող է դառնալ: